Քլորելա
Քլորելա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթաթագավորություն | Viridiplantae |
Ինֆրաթագավորություն | Կանաչ ջրիմուռներ (Chlorophyta) |
Ենթատիպ | Chlorophytina |
Դաս | Trebouxiophyceae |
Կարգ | Chlorellales |
Ընտանիք | Chlorellaceae |
Ցեղ | Քլորելա (Chlorella) Beij., 1890 |
Քլորելա (հուն․՝ χλωρός, «կանաչ» և լատին․՝ ella, անգլ.՝ Chlorella), կանաչուկ, կանաչ միաբջիջ ջրիմուռների ցեղ։ Հայտնի է մոտ 20, Հայաստանում՝ 1 տեսակ՝ Քլորելա սովորական (Ch. vulgaris)։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է քաղցրահամ ջրամբարներում, ծովերում, խոնավ հողում և հողի վրա գտնվող հիմնանյութերում (քարեր, ժայռեր, ծառեր և այլն)։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բջիջները մանր են, անշարժ, գնդաձև կամ էլիպսաձև, մինչև 17 մկմ՝ պատված հարթ, բարակ թաղանթով։ Պարունակում է մեկ քլորոպլաստ։ Հարուստ է սպիտակուցային միացություններով, որոնք պարունակում են բոլոր անփոխարինելի ամինաթթուները։ Բազմանում է սպորներով։
Քլորելան միաբջիջ, փոքրիկ, գնդաձև, առանց մտրակների և բաբախող վակուոլի կանաչ ջրիմուռ է։ Արտաքինից ծածկված է թաղանթով, որի տակ գտնվում են ցիտոպլազման, կորիզը և խոշոր քրոմատոֆորը, որը բջջին տալիս է կանաչ գունավորում, այստեղից էլ՝ կանաչուկ անվանումը։
Քլորելայի բջջում կուտակվում են շատ պաշարանյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, հակաբիոտիկներ։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քլորելան ֆոտոսինթեզի ընթացքում անջատում է մեծ քանակությամբ թթվածին, որը ֆոտոսինթեզի բուռն ընթացքի հետևանք է (օգտագործվում է արևի էներգիայի 10-12 % -ը, մինչդեռ ցամաքային բույսերըէ ընդամենը 2 %-ը)։ Այդ պատճառով, այն օգտագործվում է սուզանավերում և տիեզերանավերում օդի նորմալ բաղադրությանբ պահպանման համար, ինչպես նաև՝ որպես սննդի աղբյուր։
Քլորելան օգտագործում են նաև կեղտաջրերի մաքրման նպատակով։ Ջրիմուռների քանակով ու տեսակային կազմով կարելի է որոշել ջրավազանի աղտոտվածության աստիճանը։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմանում է միայն անսեռ եղանակով և չափազանց արագ։ Նրա բջջի պարունակությունը բաժանվում է 4, 8, 16 մասի, առաջանում են փոքրիկ գնդիկներ՝ սպորներ, որոնք պատռելով մայրական բջջի թաղանթը, սկսում են ինքնուրույն կյանք վարել։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլորելա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլորելա» հոդվածին։ |
|
|