Վահագն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահագն (այլ կիրառումներ )
Վահագն | |
---|---|
Տեսակ | աստվածություն |
Դիցաբանություն | Հայկական դիցաբանություն |
Սեռ | արական |
Այլ մշակույթներում | Հերակլես |
Զբաղմունք | քաջության, հաղթանակի արևի աստված |
Ամուսին | Աստղիկ |
Կապված կերպարներ | վիշապներ |
Հատկանիշներ | Խարտյաշ պատանի՝ հուր վարսերով, բոցակեզ մորուսով և արեգակնային աչքերով |
Vahagn Վիքիպահեստում |
Վահագնը ռազմի հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «Վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։
Հին հայերի պատկերացմամբ երկինքը նման էր ծովի։ Կարծում էին, թե ամպրոպի ժամանակ փոթորկալից ամպերով ծածկված ու մթամած երկինքը միախառնվում է երկրին, և նրանք բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երբ ամպերը որոտում են, լուսավորվում կայծակից ու փայլակից, երկնային ծիրանագույն ծովի մեջ, իբր, կարմիր եղեգ է վառվում, որի բոցերի ու ծխի միջից ծնվում է խարտիշահեր, բոցամորուս և Արեգակի նման փայլող աչքերով մի պատանեկիկ։ Այդ պատանին հին հայերի ամպրոպի և կայծակի աստված Վահագն էր, որին կոչում էին նաև Վիշապաքաղ մականունով։
Իր հերոսական արարքների շնորհիվ Վահագնը հին հայերի համար քաջության և հաղթական կռիվների խորհրդանիշ էր դարձել։ Հայ թագավորները նրանից էին քաջություն և հաղթանակ աղերսում։
Վահագնը հին հայերի ամենասիրված աստվածներից էր։ Նա հայոց գերագույն աստված Արամազդի և Անահիտի հետ հայ դիցարանում կազմում էր սրբազան երրորդություն։ Վահագնի տաճարը գտնվում էր Տարոն գավառի Աշտիշատ քաղաքավանում։ Նրա հարսնացուն համարվել է Աստղիկ դիցուհին։ Վահագնի պաշտամունքը կատարվում էր ծիսական մեծ հանդիսություններով։
Ամենամանրամասն նկարագրությունը տվել է Մովսես Խորենացին «Հայոց պատմություն» աշխատության մեջ։ Խորենացին Վահագնին համարել է Տիգրան Երվանդյանի որդին։ Խորենացու շնորհիվ է նաև, որ պահպանվել է Վահագնի դյուցազներգության մի հատվածը՝ «Վահագնի ծնունդը», որտեղ նկարագրվում է Վահագնը և նրա ծնունդը։
Ըստ ավանդության՝ Վահագնը ծնվել է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում էին երկունքի ցավերով։ Երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծխից ու բոց արձակող փողից վազելով ելել է պատանի Վահագնը։ Նա ուներ ծովում բռնկված եղեգնի բոցերից ելնող հրեղեն մորուք ու մազեր, արեգակունք աչքեր։ Վահագնը ծնվելուն պես կռվի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից։
Վահագնի անվան հետ է կապվում Հարդագողի ճանապարհ անվանումը։ Ըստ անվանդության ասորիների աստվածային նախնի Բարշամից Վահագնը հարդ է գողանում, որի հետքը մնում է երկնքում և գոյացնում Հարդագողի ճանապարհը՝ Ծիր Կաթինը։ Հելլենիստական ժամանակաշրջանում Վահագնը նույնացվել է Հերակլեսի հետ և ստացել նոր հատկանիշներ։
Վահագնի գլխավոր մեհյանը գտնվել է Տարոնի Աշտիշատ ավանում։ Մեհյաններ են եղել նաև Հայաստանի այլ վայրերում։ Հայոց տոմարում Վահագնի անունով է կոչվել ամսվա 27-րդ օրը։ Վահագնի պաշտամունքը այժմ տարածված է հայկական նեոհեթանոսության մեջ[1][2]։
Անվան ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Աճառյանի՝ անունը ծագում է արշակունյան պահլավերեն Varhraγn անունից, որը նույնն էր, ինչ զանդերեն Vərəυraγna֊ը (վեդերեն՝ Vṛtrahan), որը նշանակում է «Vṛtra-յի սպանողը» և ծագում է Vərəυra «արգելակիչ, խափանարար» բառից։ Հայերենի հնագույն ձևը պետք է լինի Վարհագն[3]։ Վահագնի ընդհանուր հնդեվրոպական բնույթի ազդեցությամբ՝ որոշ հետազոտողներ ենթադրել են, որ «Վահագն» անունն առաջացել է սանսկրիտ՝ «վահ» (բերող) կամ «վհա»(բոց, աստղ) և «ագնի» (կրակ) բառերից կամ հնդիրանական Վերեթրագնա, Վայու, Վաե վեհ աստվածությունների անուններից։
Հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ «Վահագն» անունն առաջացել է հին հնդեվրոպական «Բահագին» (աստված) գաղափարանուններից՝ «բ» հնչյունը «վ»–ի փոխվելու սովորական օրինաչափությամբ։ Քանի որ Վահագնն անձնավորել է դիցաբանական հար և նույն գաղափարը, փառաբանվել նույն մակդիրներով, ինչ Հայկ բահագինը, հետևաբար վերջինիս հեթանոս հայերն անվանել են Բահագին կամ Վահագին՝ նրա գաղափարանունը վերածելով հատուկ անուն։ Պատահական չէ, որ Անանիա Շիրակացու գրի առած մի հինավուրց ավանդազրույցում Հայկի փոխարեն հայոց նախնի և սեմական Բել աստծու հակառակորդ է հիշատակվում Վահագնը։ Վահագն կրակի աստվածն էր[4]։
Հայոց տոմարում Վահագնի անունով է կոչվել ամսվա 27-րդ օրը[5]։ Իբրև ռազմի աստված՝ Վահագնը նույնացվել է այդ գաղափարը խորհրդանշող Հրահատ (Մարս) մոլորակին, որին հին հայերը տվել են Ատրահեր մականունները[4]։ Պահպանվել է նաև Ծիր կաթին համաստեղությունը Հարդագողի ճանապարհ անվանելը, որ կոչվել է նաև Հեծանոց, իբրև թե հեծանոց փայտով էր հարդը շալակել։ Ըստ Ալիշանի՝ այս առասպելի՝ օտար ազգերի և անգամ թուրքերի մեջ մտած լինելը փաստ է։ Վերջինները ևս այդ համաստեղությունը կոչում են նույն կերպ՝ Սաման յոլու[6]։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահագնը եղել է հայոց ամենասիրված և ընդհանրական աստվածը, դիցարանի երրորդ աստվածը[5]։ Ագաթանգեղոսը Վահագնին անվանել է «վիշապաքաղ»[7]։ Ըստ առասպելաբանության, կենսատու լույս անձնավորող Վահագնը, որպես քաջ որսորդ, մարտնչում է խավարը, չար ու վնասակար ուժերը մարմնավորող վիշապների դեմ։ Այդ պատճառով էլ նրան տրվել է Վիշապաքաղ մականունը։ Խորենացում պատմության մեջ Վահագնը Տիգրան Երվանդյանի որդին է[8][9]։ Ինչպես բացատրում է Մանուկ Աբեղյանը Վահագնը վիշապների հետ կռվելու և նրանց հաղթելու պատճառով է կոչվում «Վիշապաքաղ», որը նշանակում է վիշապ վեր քաշող[10]։
Ըստ ավանդության՝ Վահագնը ծնվել է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում էին երկունքի ցավերով։ Երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծխից ու բոց արձակող փողից վազելով ելնում է պատանի Վահագնը։ Նա ուներ ծովում բռնկված եղեգնի բոցերից ելնող հրեղեն մորուք ու մազեր, արեգակնակերպ աչքեր։ Վահագնը ծնվելուն պես կռվի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից[5]։
Անանիան Շիրակացին գրել է, թե Վահագնը կռվել է նաև երկնքում Ասորոց Բարշամի հետ։ Ասորիների աստվածային նախնի Բարշամից Վահագնը հարդ է գողանում, որի հետքը մնում է երկնքում և գոյացնում Հարդագողի ճանապարհը՝ Ծիր կաթինը[5]։ Այսպիսի առասպել գոյություն ունի նաև հնդիկների մեջ։ Պոնիս կամ Վալա անունով մի ասորի գողանում է հնդիկների աստվածների նախիրը և փակում մի քարայրի մեջ։ Ինդոս աստվածը մրրիկների օգնությամբ և Սարամա եղնիկի առաջնորդությամբ բաց է անում քարայրը և արձակում նախիրը[6]։ Ըստ Անանիա Շիրակացու, ավանդաբար Վահագնի անունը կապվող Հարդագողի ճանապարհը անվանել են նաև «Արեգական հին ճանապարհ»։
Ըստ Վասպուրականի հայոց մեջ տարածված ավանդազրույցի, Արեգակը գիշերը ծովում լողանալուց հետո, առավոտյան երկինք է բարձրանում Վարագի (Վահագն) գագաթից, իսկ նրան հարատև ուղեկցում են 12 ոսկե գավազանակիրներ[4]։
Հայկական դիցաբանության մեջ Վահագնը քաջության աստվածն է։ Նա ռազմի և հաղթանակի աստվածն է։ Որոշ աղբյուրներում ու առասպելազրույցներում նաև վկայվում է որպես արեգակնային աստված։ Հայկական մատենագրության մեջ Վահագնը հանդես է գալիս որպես քաջություն պարգևող․ այդպես է Վահագնին ներկայացնում Ագաթանգեղոսը։ Տրդատ թագավորը իր հպատակներին ուղղված հրովարդակի մեջ մաղթում է քաջություն քաջ Վահագնից[11]։
Մանուկ Աբեղյանը Վահագնին անվանել է ոչ թե քաջության, այլ ամպրոպային աստված՝ ընդունելով, որ Վահագնը հավասար է դասվել Հերակլեսին[10]։ Աբեղյանը Վահագնի պաշտամունքը համարում է փոխառություն իրանականից՝ նույնացնելով իրանական հաղթության աստված Վերեթրագնի անունները։ Իրանական Վերեթրագնայի անունն իր հերթին հնդկական ամպրոպային աստված Ինդրայի մակդիրն է՝ Վրտրագան, որը նշանակում է Վրտսասպան, Վիշապասպան։ Ինչպես նշում է Աբեղյանը, նախ Վերեթրագնա աստծու անունը հին շրջանում հայերը թարգմանել են «Վիշապաքաղ» և ապա, ավելի ուշ անվան փոխառված ձևը՝ Վահագն, դարձել է աստծու հատուկ անունը։ Քանի որ Վահագնի պաշտամունքը իրանացիներից է անցել հայերին, հետևաբար և անցել է ամպրոպայնության հատկությունը[10]։
Աբեղյանի այս ենթադրությունը որոշ հետազոտողներ համարել են անհնարին՝ Վահագնին չեն համարում փոխառություն իրանականից[9]։ Ըստ նրանց այս առասպելն ըստ երևույթին ստեղծվել է Արևելքում, գոյություն ունեցել՝ Չինաստանում, Հնդկաստանում, Իրանում, Վրաստանում և ապա անցել Հունաստան (Հերակլես)։ Համանման գծերը վկայում են միայն, որ սկզբնական շրջանում այս ժողովուրդները ունեցել են ընդհանուր լեզու և դիցաբանություն, որից հետագայում ձևավորվել են նման հավատալիքներ։ Այս տեսակետին է եղել նաև Ղևոնդ Ալիշանը՝ Վահագնի պաշտամունքը կապելով հնդկական արևի պաշտամունքի հետ։ Հնդկական Ակնին Ալիշանը կապում է Վահագնի հետ, որը գրվել է Վահակն, այսինքն Վահու֊Ակնի[6]։ Ալիշանը գրել է, որ Արեգակը կամ արևը նույնպես պաշտվել է Հայաստոնւմ և նրա մասին վիպասանները երգել են Վահագնի ծնունդը նկարագրող երգը՝ «Երկնէր երկին»֊ը[9]։
Գրիգոր Ղափանցյանը ենթադրում է, որ Վահագնը կարող է կրել տարբեր հերոսների վիշապների դեմ ունեցած պայքարի ավանդույթները, նաև առաջ քաշելով այն հարցը, որ Սասունցի Դավիթը կարող է լինել Վահագնի փոխակերպությունը[12]։
Պաշտամունքային վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահագնի գլխավոր մեհյանը՝ Վագ(հ)եվանյանը, գտնվում էր Տարոնի Աշտիշատ քաղաքում, Քարքե լեռան լանջին, Ոսկեմայր Ոսկեծին Անահիտ և Աստղիկ դիցուհիների մեհյանների կողքին։ Այդ մեհյանը հայկական ութերորդ հռչակավոր պաշտամունքատեղին էր և Մեծ Հայքի զորավարների հիմնական զոհատեղին։ Վահագնի տաճարն Ագաթանգեղոսն անվանում է «մեծագանձ՝ լի ոսկով ու արծաթով»։ Մեհյանի մոտակայքում էին գտնվում Օձ և Վիշապ քաղաքները, որտեղ ենթադրաբար կատարվել են նոր տարվա վիշապամարտի ծիսական արարողություններ[5]։
Վահագնի հարսնացուն համարվել է Աստղիկը, որի սրահը կոչվել է «սենյակ Վահագնի»։ Ըստ ավանդության՝ քրիստոնեական դարձի ժամանակ 301 թվականին Գրիգոր Լուսավորչին ուղեկցող զորքերը համառ կռիվներից հետո կործանել են Վահագնի գլխավոր տաճարը։ Երբ Գրիգոր Լուսավորիչը կործանում է Աշտիշատի մեհյանները այստեղ կառուցում է վանք, որտեղ ամփոփում է Հովհաննես Կարապետի մասունքը և այն կոչում՝ Սուրբ Կարապետ[9]։ Դրանից հետո ժողովրդի մեջ շարունակվում է պահպանվել քաջության աստծո ավանդությունը։ Հայ լարախաղացները գնում էին սուրբ Կարապետ վանքը, այստեղ զոհ մատուցում ու ստանում կարողություն իրենց խաղի մեջ։ Խաղից առաջ նրանք դիմում էին սուրբ Կարապետին և անվանում նրան «Մշոյ սուլթան սուրբ Կարապետ»։
Թովմա Արծրունին Վահագնին նվիրված տաճարներից մեկը հիշատակվում է Փոքր Աղբակ գավառում, մյուսը՝ Տոսպում[4]։ Հայոց բարձր լեռները դիտվել են իբրև Վահագնի երկրային սրբազան կայաններ։ Տոսպի Ահևական գյուղի տաճարը ենթադրաբար ունեցել է Վահեվահյան անունը, ինչպես հիշատակում է Թովմա Արծրունին՝ «Քանզի էր և տեղին այն յառաջագոյն տեղի մեհենից Վահեվահեանի»։ Այս պատմիչը հիշատակում է նաև Հերակլեսի՝ Արտաշես Բ֊ի կողմից Փոքր Աղբակ գավառում կանգնեցված մի մեհյանի մասին, որը կարող է համարվել Վահագնինը[13]։ Հերակլեսի դիք Տրդատի օրերում հիշվում է նաև Դերջան գավառում՝ Սալահունիքում, Ասկեպիոս դիքի հետ, որի մեծահանդես տոները կատարվում էին այնտեղ։ Բայց սրանք թերևս բուն հունական դիքեր էին[6]։
Վահագնի պաշտամունքը գոյություն է ունեցել նաև վրաց ժողովրդի մեջ, որի մասին հիշատակել է Մովսես Խորենացին[14]։
Այլ դիցաբանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հելլենիստական ժամանակաշրջանում հայկական դիցարանի և պաշտամունքների վրա ավելանում է նոր կրոնամշակութային շերտ, որի արդյունքում հայկական աստվածներն սկսում են համադրվել հունական աստվածություննների հետ։ Վահագնը այս շրջանում համադրվում է Հերակլեսի հետ և հարստանում նոր գործառույթներով ու հատկանիշներով՝ պահպանելով իրենց ավանդական նկարագիրը[5][6]։ Օօ
Հելլենիստական ժամանակաշրջանում, գերմանացիների մեջ ամպրոպային Թոր աստվածը կամ Դոնարը նույնպես նույնացվել է Հերակլեսի հետ։ Հերակլեսին են նման նաև հնդկական Տրիտա, Ինդրա, իրանական Կերեսապսա աստվածները, որպես կայծակի աստվածներ[10]։
Վահագնի երգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մովսես Խորենացին վկայում է, որ հինգերորդ դարում ժողովրդի մեջ պահպանվում էր Վահագնի դյուցազներգությունը. փանդիռների նվագակցությամբ գուսանները երգում էին նրա դիցաբանական ձոնը, պատմում նրա բազում սխրագործությունների մասին։ Այս ձոնից մի հատված գրառել և ավանդել է Մովսես Խորենացին, որը պատմում է Վահագնի ծննդի մասին։ Այն բաղկացած է երեք եռատող տնից․ առաջինում դրսևորվում է հին հայերի վաղնջական պատկերացումը աշխարհի ուղղահայաց եռամաս կառուցվածքի մասին (երկինք, երկիր, ծով). երկրորդ տան մեջ ներկայացված է տիեզերական այդ կառույցում երիտասարդ աստծու ծնունդը՝ երկնքի (հայր) և երկրի (մայր) երկունքից։ Երրորդում նկարագրվում է նորածին աստծու արտաքինը։ Ըստ Մովսես Խորենացու՝ երգը նվիրված է եղել Տիգրանի երրորդ որդուն՝ աստվածացված Վահագնին[4]։
«Վահագնի երգը» հնեվրոպական առասպելաբանաստեղծական համակարգում դիցածնման վաղնջագույն հիմներգ է, որն իր մեջ պահպանել է թե հնդեվրոպացիների առասպելաբանական պատկերացումները, թե նրանց նախնական բանաստեղծության հատկանիշները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ваагн, Армению светом озаривший». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Վահագնի ծնունդն ու ամանորը Գառնիում | Orer News Site». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Աճառյան, Հրաչյա (1962). Հայոց անձնանունների բառարան. Vol. 5. Երևան: Երևանի պետական համալսարան. էջ 8.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 11 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1985, էջ 242 — 720 էջ։
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Հարությունյան, Սարգիս (1987). Հայ հին վիպաշխարհը. Երևան: Արևիկ. էջ 38.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Ալիշան, Ղևոնդ (2002). Հայոց հին հավատքը կամ հեթանոսական կրոնը. Երևան. ISBN 99930-73-84-9.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Ագաթանգեղոս (1914). Պատմություն հայոց. Թիֆլիս. էջ 410. «ութերորդ պաշտօն հռչակաւոր, անուանեալն Վիշապաքաղն Վահագնի»
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Մովսէս, Խորենացի (1913). «ԼԱ». Պատմագիրք հայոց. Vol. Ա. Տփղիս. էջեր 85–86. «Յետ որոյ և ընդ վիշապաց ասէին յերգին կռուել ը յաթել, և կարի իմն նմանագոյնս զՀերակլեայ նահատակութիւնսն նմա երգէին»
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 9,0 9,1 9,2 9,3 Առաքելյան, Առաքել (1959). Հայ ժողովրդի մտավոր զարգացման պատմություն. Երևան: Հայպետհրատ. էջեր 61–63.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Աբեղյան, Մանուկ (1946). Հայոց հին գրականության պատմություն. Vol. Ա. Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն. էջեր 31–37.
- ↑ Ագաթանգեղոս (1914). Պատմություն հայոց. Թիֆլիս. էջ 73. «քաջութիւն հասցէ ձեզ ի քաջէն Վահագնէ ամենայն հայոց աշխարհիս»
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Капанцян, Григорий Айвазович (1940). Хеттские боги у армян в связи с хеттским влиянием на армян и генезисом армянского пантеона вообще (ռուսերեն). Ереван: Изд-во Ереван. гос. ун-та.
- ↑ Թովմա Արծրունի (1852). Պատմութիւն Տանն Արծրունեաց. Կ.Պոլիս,.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Խորենացի, Մովսես (1913). «ԼԱ». Պատմություն հայոց. Vol. Ա. Տփղիս. էջ 86. «այլ սեն զսա և աստուածացեալ․ և անդրի ի Վրաց աշխարհին զսորա չափ հասակին կանգնեալ՝ պատուեալ զոհիւք»
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահագն» հոդվածին։ |
|
|