Jump to content

Ստրկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանությունից հետո ստրկության մեջ հայտնված հայուհին տատասկափուշ է տանում տուն
Ստրկավաճառները Սենեգալում (18-րդ դարի գեղանկար)

Ստրկություն (գրաբ.՝ ստրկութիւն; ստրուկ +‎ -ութիւն), պատմության մեջ առաջին և առավել բիրտ շահագործման ձևը, որը հիմնվել է արտադրամիջոցների սեփականատիրոջ կողմից արտադրողի աշխատանքի և անձի յուրացման վրա։ Ձևավորվել է նախնադարյան համայնական հասարակարգի քայքայման հետևանքով և մեծ զարգացման հասել ստրկատիրական հասարակարգում։ 1948 թ-ին ՄԱԿ-ն ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որով արգելվեցին ստրկության և ստրկավաճառության բոլոր ձևերը։

Պաշտոնական սահմանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թ. Ազգերի լիգայի կողմից ընդունված «Ստրկության մասին» հռչակագիրը[1] միջազգային շրջանառություն հանեց ստրուկի և ստրկավաճառության հետևյալ սահմանումները.

  1. Ստրկության տակ հասկանում ենք անձի կացությունը կամ վիճակը, ում հանդեպ իրականացվում են սեփականության իրավունքին բնորոշ բոլոր կամ որոշ լիազորություններ։
  2. Ստրկավաճառության տակ հասկանում ենք այն բոլոր գործողությունները, որոնք կապված են առևանգման, ինչ-որ անձի գնման կամ նրան ստրուկի վերածելու հետ, այն բոլոր գործողությունները, որոնք ուղղված են ստրուկի ձեռք բերմանը, նրան հետագայում վերավաճառելու կամ փոխանակելու հետ, այն բոլոր գործողությունները, որոնք կապված են անձի վաճառքի կամ փոխանակման հետ՝ գնված հենց այդ նպատակով, և ընդհանրապես այն բոլոր գործողությունները, որոնք կապված են ստրուկների առքուվաճառքի կամ տեղափոխման հետ[1]։

Ստրկությունը դատապարտվել է[1] 1926 թ.-ին Ազգերի լիգայի կողմից և 1948 թ.-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների մասին հավաստագրով, ինչպես նաև մարդու իրավունքներին վերաբերող մյուս բոլոր հիմնական փաստաթղթերում։

Մարդու իրավունքների մասին համայն հռչակագրի 4-րդ կետում ՄԱԿ-ը ընդլայնում է ստրուկ հասկացությունը․ դա նաև այն անձն է, ով չի կարող իր կամքով հրաժարվել աշխատանքից։ Եվրոպայում ստրկությունն արգելված է մարդու իրավունքների պաշտպանության և հիմնական ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի կողմից։

Վերջին 5000 տարիների ընթացքում ստրկությունը գոյություն է ունեցել գրեթե ամենուրեք։ Ամենահայտնի ստրկատիրական երկրներից են Հին Հունաստանը և Հռոմը, Հին Չինաստանում սի հասկացությունը, որը համապատասխանում է ստրկությանը, հայտնի է մ. թ. ա. II հազարամյակից։ Ռուսերեն գրականության մեջ գոյություն է ունեցել ճորտին ստրուկի հետ նույնացնելու սովորույթը, սակայն չնայած բազմաթիվ նմանություններին ստրկության և ճորտատիրության միջև, գոյություն են ունեցել նաև տարբերություններ[2]։ Ավելի ուշ ժամանակաշրջանում ստրկություն գոյություն է ունեցել Բրազիլիայում և ԱՄՆ-ում։ Հին Արևելքում ստրկությունն ունեցել է բազմաթիվ տարբերիչ հատկանիշներ։ Ստրուկի ժամանակակից հասկացությունը չի ենթադրում այս տարբերությունները, ճորտ հասկացությունը մարդու իրավունքներում բացակայում է և լիովին համապատասխանում է ստրուկին։ Տոտալիտար երկրներում խոշորագույն ստրկատերեր դարձան ոչ թե անհատական սեփականատերերը, այլ հենց այդ պետությունները, այդ ձևով թաքցնելով ստրուկների իրական վիճակը նրանով, որ նրանք իբր հարկադրվում են աշխատանքի՝ համաձայն տոտալիտար պետության կողմից ընդունված օրենքների։ Օրինակ՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Նացիստական Գերմանիայում լայնորեն կիրառվում էր ստրկական աշխատանքը։

Ստրկության էությունը և ստրուկի վիճակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրկության էության ուսումնասիրման մինչ օրս չլուծված խնդիրների պատճառը՝ ստրկության գիտա-հանրամատչելի դասակարգման անմշակ լինելն է։ Այդ բացթողման ուղղակի հետևանքներից է այն պատկերացումը, թե ստրկությունը Հին աշխարհի ինչ-որ առանձնահատուկ բաղադրիչ է։ Լավագույն դեպքում, մարդիկ ստրկությունն ընկալում են որպես ստրկատիրական հասարակարգի միակ բնորոշիչ։

Ստրկության դասակարգման հիմնական կրիտերիաներից մեկը ձևավորող սուբյեկտներն են։

Նշանակալից տարածում (համապատասխանաբար, և հատուկ սպառնալիք հասարակության համար) ժամանակակից ստրկությունն ունի այն դեպքերում, երբ ձեռք է բերում համակարգային բնույթ, երբ ձևավորող հանցագործը դառնում է, ոչ թե առանձին սուբյեկտը, այլ՝ ամբողջ պետությունը։

Ստրկության առաջացումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրության արդյունավետության հասնելու համար կենսական անհրաժեշտություն է աշխատանքի բաժանումը։ Այդպիսի բաժանման կազմակերպման ժամանակ ծանր (առաջին հերթին՝ ֆիզիկական) աշխատանքն ամենեևին էլ գայթակղիչ չէ։ Հասարակության զարգացման որոշակի փուլում (երբ տեխնոլոգիաների զարգացումն ապահովում էր աշխատողի կողմից արտադրանքի ավելի մեծ ծավալ, քան անհրաժեշտ էր նրան՝ կյանքի ապահովման համար), ռազմագերիներին, որոնց նախկինում սպանում էին, սկսեցին զրկել ազատությունից և հարկադրել տիրոջ համար ծանր աշխատանքի։ Ազատությունից զրկված և տիրոջ սեփականության վերածված մարդիկ դարձան ստրուկներ։

Ստրուկի կարգավիճակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ փիլիսոփա Մարկ Վարրոնի տեսակետի, ստրուկն իրենից ներկայացնում է լոկ «խոսող զենք», շնչավոր սեփականություն, բեռնակիր անասուն (հռոմեական օրենքի լեզվով՝ res, այսինքն՝ իր)։ Ստրուկները սովորաբար օգտագործվում են որպես աշխատուժ՝ գյուղատնտեսական և այլ արտադրության մեջ, որպես ծառաներ, կամ տիրոջ այլ կարիքները հոգալու համար։ Ստրուկի իրային էությունը, նախևառաջ, այն է, որ ստրկական աշխատանքի ողջ արդյունքը դառնում է տիրոջ սեփականությունը, չնայած ստրուկներին կերակրելու և նրանց մնացած կարիքները հոգալու հոգսը նույնպես դրված է տիրոջ վրա։ Ստրուկը չունի սեփականություն, նա կարող է տնօրինել միայն այն, ինչ տերը կցանկանա նրան տալ։ Ստրուկը չի կարող օրինական ամուսնանալ առանց տիրոջ թույլտվության։ Ամուսնական կապի տևողությունն էլ, եթե այն թույլատրվել է, կախված է ստրկատիրոջ քմահաճույքից, որին պատկանում են նաև ստրուկի երեխաները։ Ինչպես ունեցվածքի ցանկացած մաս, ստրուկը կարող է դառնալ ամենատարբեր առևտրային գործարքների առարկա։

Ստրուկի կյանքի պայմանները որոշվում են միայն ստրկատիրոջ մարդասիրությամբ և շահով։ Առաջինը եղել և մնում է հազվադեպ երևույթ, երկրորդն ստիպում է տարբեր ձևով գործել՝ կախված այն բանից, թե որքանով է դյուրին նոր ստրուկներ ձեռք բերելը։ Ստրուկներին մանկությունից մեծացնելը դանդաղ, թանկ, ստրուկ-«արտադրողների» բավականին մեծ քանակ պահանջող գործընթաց է, ուստի նույնիսկ բացարձակ անմարդկային ստրկատերն ստիպված է ստրուկների համար աշխատունակությունն ու ընդհանուր առողջությունն ապահովող կյանքի բավարար պայմաններ ստեղծել։ Սակայն այն վայրերում, որտեղ հասուն և առողջ ստրուկներ հայթայթելը հեշտ է, նրանց կյանքի համար չեն անհանգստանում և ուժասպառ են անում ծանր աշխատանքով։

Ստրուկը, որպես անհատ, իրավունքի սուբյեկտ չի հանդիսանում։ Ո՛չ տիրոջ, ո՛չ երրորդ անձի հետ հարաբերություններում ստրուկը, որպես ինքնուրույն անձ, պաշտպանված չէ օրենքով։ Տերը կարող է վարվել ստրուկների հետ իր հայեցողությամբ։ Ստրուկի սպանությունը տիրոջ կողմից վերջինիս օրինական իրավունքն է, իսկ մեկ ուրիշի կողմից՝ դիտվում է որպես ունեցվածքի հանդեպ ոտնձգություն, այլ ոչ որպես անձի դեմ ուղղված հանցագործություն։ Շատ դեպքերում երրորդ կողմին ստրուկի կողմից հասցրած վնասը ևս հատուցում է ստրուկի տերը։ Ստրկատիրական հասարակարգի գոյության միայն վերջին շրջանում ստրուկները որոշակի իրավունքներ ստացան, բայց շատ աննշան։

«Առևտուրն արևմտյան սլավոնների երկրում», Սերգեյ Իվանովի նկարը[3]

Ստրուկների աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Բոլոր ժողովուրդների մոտ զարգացման առաջին փուլերում ստրուկների հայթայթման միակ, իսկ հետագայում՝ նշանակալից աղբյուրը եղել է պատերազմը, որն ուղեկցվել է հակառակորդի զինվորների և նրա տարածքում ապրող մարդկանց գերեվարությամբ։
  2. Երբ ստրկատիրական հաստատությունն ամրապնդվեց և դարձավ տնտեսական կարգի հիմք, այդ աղբյուրին ավելացան ուրիշներ, նախևառաջ՝ ստրուկ ազգաբնակչության բնական աճը։
  3. Բացի այդ, ի հայտ եկան օրենքներ, ըստ որոնց պարտապանը, ով հնարավորություն չուներ պարտքը մարելու, դառնում էր պարտատիրոջ ստրուկը։ Որոշ հանցագործությունների համար պատժում էին ստրկությամբ։ Վերջապես, հայրական անսահմանափակ իրավունքը թույլ էր տալիս ստրկության վաճառել կնոջն ու երեխաներին։ Ստրուկի վերածվելու տարբերակներից մեկն էլ Ռուսաստանում վկաների ներկայությամբ ինքնիրեն վաճառելն էր։
  4. Գոյություն է ունեցել (և շարունակում է ունենալ) ազատ մարդկանց ուղղակի, առանց հիմնավորման, ստիպողաբար ստրկացնելու պրակտիկան։ Ինչևիցե, ինչպիսին էլ լինի ստրկացման աղբյուրը, միշտ և ամենուր պահպանվել է հիմնական գաղափարն այն մասին, որ ստրուկը գերի է, և այդ հայացքն անդրադարձել է ոչ միայն առանձին ստրուկների ճակատագրի, այլև ստրկության զարգացման պատմության ողջ ընթացքի վրա։

Ստրկատիրության պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնադարյան հասարակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրկությունն ի սկզբանե արտացոլված չէ մարդկային մշակույթում։ Առաջին տեղեկությունները հանդիպում են սեմական ցեղերի կողմից Շումերի գրավման շրջանում։ Այստեղ հանդիպում է գրավյալ ժողովրդի նվաճման և տիրոջը ենթարկվելու մասին տեղեկություն։ Միջագետքի տարածքում ստրկատիրական պետությունների գոյության մասին ինֆորմացիան վերաբերում է մ. թ. ա. 3-րդ հազարամյակին։ Աստվածաշնչյան աղբյուրներում ստրկությունը նկարագրվել է ջրհեղեղից առաջ (Ծննդոց։ 9։25)։ Հին պատրիարքներն ունեցել են բազմաթիվ ստրուկներ (Ծննդոց։ 12։5, 14։14

Արդի պատկերացումներով, պրիմիտիվ հասարակական հարաբերությունների դարաշրջանում ստրկությունն ի սկզբանե լիովին բացակայել է։ Հայտնվելուց հետո էլ այն մասսայական բնույթ չի կրել։ Այդ շրջանում ստրուկներ, որպես այդպիսիք, չեն եղել. եղել են միայն պատերազմի ընթացքում վերցված գերիներ։ Միջցեղային կռիվներում տղամարդ-գերիներ, որպես կանոն, կամ ընդհանրապես չեն վերցրել, կամ նրանց սպանել են (այնտեղ, որտեղ տարածված է եղել կանիբալիզմը, գերիներին կերել են), կամ ընդունել են հաղթող ցեղ։

Ստրկության զարգացումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստրուկը երեխային տալիս է մորը, նկար հին հունական լեկիֆի վրա, մ․ թ․ ա․ 5-րդ դար

Ստրկությունն առաջացավ և տարածվեց այն հասարակություններում, որոնք անցել էին գյուղատնտեսական արտադրության։ Ստրկական աշխատանքի օգտագործումը դարձավ տնտեսապես արդարացված և, բնականաբար, լայնորեն տարածվեց։ Այդ համակարգում ստրուկները կազմում էին հատուկ դասակարգ, որից սովորաբար առանձնանում էր անձնական կամ տնային ստրուկների կատեգորիան։ Մնացած ստրուկների կարգավիճակը, որոնց տերն անձամբ չէր ճանաչում, հաճախ չէր տարբերվում ընտանի կենդանիների կարգավիճակից, իսկ երբեմն նույնիսկ ավելի վատ էր։ Հասարակության մշակույթի և կրթվածության աճին զուգահեռ, տնային ստրուկներից առանձնացավ ևս մեկ արտոնյալ դաս՝ ստրուկներ, որոնց գինը որոշվում էր նրանց գիտելիքներին և գիտության ու մշակույթի բնագավառում ունակություններին համապատասխան։

Ստրուկների կարգավիճակն աստիճանաբար, շատ երկարատև էվոլյուցիայի ճանապարհով, փոխվեց դեպի լավը։ Ստրուկների նկատմամբ վերաբերմունքը սկզբում արտացոլվում էր կրոնական կանոններում և սովորույթներում, այնուհետև՝ գրված օրենքներում (ճիշտ է, պետք է նշել, որ օրենքն իր հովանավորության տակ առավ նախ ընտանի կենդանիներին, հետո միայն՝ ստրուկներին)։ Ի հայտ եկան կանոններ, որոնք կանոնակարգում էին ստրուկի ազատությունը, իր տիրոջից հղիացած ստրկուհու և նրա երեխայի կարգավիճակը։ Որոշ դեպքերում սովորույթը կամ օրենքը ստրուկին տիրոջը փոխելու իրավունք էին տալիս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Ստրկության մասին» հռչակագիր (1926)(չաշխատող հղում)
  2. Իրինա Սուպոնիցկայա, պատմական գիտությունների դոկտոր Ստրուկ և ճորտ
  3. Картины по русской истории, Торг в стране восточных славян
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ստրկություն հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 157