Սիսիան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիսիան (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Սիսիան | |||
| |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Սիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1] | ||
Քաղաքապետ | Արմեն Հակոբջանյան | ||
Այլ անվանումներ | Ղարաքիլիսա, Սիսավան | ||
Մակերես | 1719 կմ² | ||
ԲԾՄ | 1600±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 14 900[2](2015) մարդ | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | ||
Տեղաբնականուն | սիսիանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (2830) | ||
Փոստային դասիչ | 3501-3503 | ||
Ավտոմոբիլային կոդ | 54 | ||
Պաշտոնական կայք | sisian.am | ||
| |||
Սիսիան, քաղաք Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական կայսրության ժամանակաշրջանում բնակավայրը կոչվել է Ղարաքիլիսա[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Երևանից մոտ 217 կմ հեռավորության վրա, Երևան-Արցախ, Երևան-Իրան ավտոմայրուղուց 6-7 կմ հարավ, Որոտան գետի երկու ափերին, ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա։ Սիսիանի տարածաշրջանը, քաղաքի հետ միասին, ունի 1719 կմ² մակերես։ Սիսիանի քաղաքապետն է Հովսեփ Առաքելյանը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիսիանում ձմեռը երկարատև է։ Կայուն ձյան շերտը պահպանվում է 3-4 ամիս։ Հունվարի միջին ջերմաստիճանը -4.8 °C, միջին տարեկանը՝ 6.9 °C, բացարձակ նվազագույնը՝ -34 °C։
Ձմռան եղանակային ռեժիմը բնութագրվում է որպես կայուն և շատ կայուն։ Ձմեռային եղանակներն առանձնանում են արևոտությամբ և անհողմ օրերի զգալի քանակով։ Թթվածնի կշռային քանակությունն առավելագույնն է՝ 254 գ/մ³։ Գերակշռում են «չափավոր սառնամանիքային» (երբ օդի միջին ջերմաստիճանը -12.5 °C) և զգալի սառնամանիքային (երբ օդի միջին օրական ջերմաստիճանը -21.5 °C) եղանակները։
Գարունը զով է, երկարատև (2-3 ամիս), չափավոր սառը։ Սկսվում է գարունն ապրիլի երկրորդ կամ երրորդ տասնօրյակից և վերջանում է հունիսի երկրորդ կամ երրորդ տասնօրյակում։ Մայիսն ամենաանձրևային ամիսն է, ամսական տեղումների քանակը տատանվում է 70-100 մմ։
Ամառը չափավոր տաք է, տևում է 2-3 ամիս, գերակշռում են պարզ եղանակները։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 17.9 °C, բացարձակ առավելագույնը հասնում է 36 °C։ Տարեկան տեղումների քանակը տատանվում է 25-56 մմ։ Ամառը որոշակի տարիներին լինում է չորային եղանակ։ Ամառը չափավոր տաք է, տևում է 2-3 ամիս, գերակշռում են պարզ եղանակները։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 17.9 °C, բացարձակ առավելագույնը հասնում է 36 °C։ Տարեկան տեղումների քանակը տատանվում է 25-56 մմ։ Ամառը որոշակի տարիներին լինում է չորային եղանակ։ Ամռանը գերակշռում են «արևոտ, չափավոր խոնավ» եղանակային տիպը՝ 16 օր ամսվա ընթացքում։ Իսպառ բացակայում է «շատ շոգ և շատ չոր» եղանակային տիպը, ինչը դրական է գնահատում Սիսիանի ամառային եղանակային ռեժիմը։
Աշունը զով է։ Առաջին աշնանային ցրտահարությունները լինում են հոկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակներում, երբեմն սեպտեմբերի առաջին տասնօրյակում։ Անսառնամանիք օրերի թիվը կազմում է 120-180 օր։ Աշունը բնութագրվում է որպես կայուն, արևոտ, անհողմ։ Թթվածնի պարունակությունը մթնոլորտում 240 գ/մ3։
Սիսիանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | −2 (28) |
−1 (30) |
7 (45) |
8 (46) |
17 (63) |
20 (68) |
23 (73) |
22 (72) |
21 (70) |
16 (61) |
7 (45) |
1 (34) |
11.6 (52.9) |
Միջին օրական °C (°F) | −6 (21) |
−5 (23) |
3 (37) |
5 (41) |
12 (54) |
16 (61) |
18 (64) |
18 (64) |
16 (61) |
11 (52) |
3 (37) |
−3 (27) |
7.3 (45.2) |
Միջին ցածր °C (°F) | −13 (9) |
−12 (10) |
−4 (25) |
−3 (27) |
3 (37) |
6 (43) |
8 (46) |
6 (43) |
6 (43) |
3 (37) |
−3 (27) |
−9 (16) |
−1 (30.3) |
Տեղումներ մմ (դյույմ) | 19 (0.75) |
25 (0.98) |
35 (1.38) |
53 (2.09) |
81 (3.19) |
81 (3.19) |
71 (2.8) |
39 (1.54) |
39 (1.54) |
20 (0.79) |
12 (0.47) |
14 (0.55) |
489 (19.27) |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Ջրագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետեր, լճեր և ջրամբարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիսիանի տարածաշրջանը հարուստ է գետերով և բոլոր այդ գետերն անխտիր պատկանում են Որոտան գետի ավազանին՝ ձախից ջրբաժան ունենալով Սյունիքի բարձրավանդակի կատարային մասը, աջից՝ Զանգեզուրի լեռնաշղթան։ Առավել հայտնի են Որոտան, Այրիգետ, Բռնակոթ, Սիսիան, Արագլիջուր, Շաքի, Լորագետ, Շաղատ գետերը։ Հայտնի է նաև Շամբի ջրամբարը,իր Մարգարիտ կոչվող կառույցով։
Աղբյուրներ և հանքային ջրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիսիանի տարածաշրջանը հարուստ է քաղցրահամ, սառնորակ ու վճիտ աղբյուրներով։ Առատ ջրերով հայտնի են Զոր-զորը, Զույգաղբյուրը, Կաթնաղբյուրը, Յոթնաղբյուրը, Մուխուրթույրանն ու Շաքին, որից ուղղակի գետ է գոյանում, ստեղծում Շաքիի ջրվեժը, աշխատեցնում Շաքիի ՀԷԿ-ը, ջրաղացը և միաժամանակ ջուր մատակարարում մի շարք բնակավայրերի։
Տարածաշրջանում մարդիկ աղբյուրապաշտ են։ Աղբյուրաշինությունը շատ հին պատմություն ունի։ Ամենահին աղբյուրը, որը մեզ է հասել Բռնակոթի Թումի աղբյուրն է՝ կառուցված 1650-1660-ական թվականներին։ Տարածաշրջանում անգամ սրբացվել, խորհրդավոր բնույթ են հաղորդել աղբյուրներին։ «Անունով» աղբյուրի առեղծվածի մասին նշանավոր ազգագրագետ Երվանդ Լալայանը գրել է, թե կաթ չունեցող մայրերը աղանձ են արել, ծաղ տալով հասել և մնացած աղանձը լցրել աղբյուրի մեջ, մոմ վառել և կաթ խնդրել։ Տարածաշրջանի շատ գյուղերում կան առանձնացված աղբյուրներ, որոնց ակի մեջ երաշտ տարիներին խաչ է դրվել՝ անձրևի ակնկալությամբ։ Այդ տիպի աղբյուրները տարածաշրջանում հայտնի են «Խաչ աղբյուր» ընդհանուր անունով։ Երաշտը վերացնելու ակնկալիքով գյուղացիները գութանով վարել են նաև այդ տիպի աղբյուրների ավազանները։ Ամեն մի աղբյուր ճարտարապետական փոքրիկ մի կոթող է։ Աղբյուրները տարածաշրջանում դիտվում է ոչ միայն առատության, հարատևության, այլ նաև անմահության խորհրդանիշ։ Պատահական չէ, որ Սիսիանի տարածաշրջանի բոլոր գյուղերում պատերազմների զոհերի հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշարձաններ կան։ Հայրենական Մեծ պատերազմի 40-ամյակի պատվին Արեգ Իսրայելյանի ճարտարապետությամբ Սիսիանում կառուցվել է 40 աղբյուր-հուշարձան (քանդակագործ՝ Վոլոդյա Մարգարյան,Զավեն Վարդանյան,Վաղինակ Վարդանյան), որը ԽՍՀՄ փլուզումից հետո չէր աշխատում և միայն, 2008 թ նորից գործարկվեց։
Հանքային ջրերով հարուստ են Սիսիան և Դաստակերտ քաղաքները, Բալաք, Սառնակունք, Շենաթաղ, Ույծ գյուղերը։ Խորհրդային տարիներին երկրաբանները Որոտան գյուղում հայտնաբերել են հանքային մի աղբյուր, որի ջրի ջերմությունը հասնում է 40 աստիճանի։ Հին ժամանակներից սկսած մարդիկ այդ աղբյուրներն անվանում են «թթու ջուր», երբեմն՝ «կծու ջուր»։
Լեռնագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիսիանի տարածաշրջանը հարուստ է մի շարք հանքատեսակներով պղինձ, մոլիբդեն և հատկապես շինանյութերով։ Միայն Անգեղակոթում և Շաքիում բազալտի պաշարները հասնում են 7 միլիոն խորանարդ մետրի։ Գրանիտի հսկայական պաշարներ կան Լեռնաշեն, Արևիս, Սոֆուլու, իսկ պերլիտի, դիատոմիտների՝ Գորայքի տարածաշրջաններում։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիսիանի տարածաշրջանի բնաշխարհի կենդանիներից են արջը, գայլը, աղվեսը (հանդիպում է միայն դեղնամոխրագույն ցեղը) և նապաստակը, որը հանդիպում է համարյա բոլոր գոտիներում։ Լծենի և Արևիսի անտառներում հանդիպում են վայրի այծեր, խոզեր, լուսաններ և կզաքիսներ։ Գետերն ու լճերը հարուստ են ձկներով։ Որոտան գետում և մյուս մաքուր ու սառնորակ ջրերում բազմանում է կարմրախայտ արժեքավոր ձկնատեսակը, որը, սակայն, անխնա որսի և ոչնչացման պատճառով հիմա հանդիպում է խիստ հազվադեպ։ Տարածաշրջանը հարուստ է ուտելի և գիշատիչ թռչուններով։ Բոլոր գոտիներում հավազգիների ընտանիքից հանդիպում է կաքավը։ Գիշատիչ թռչուններից տարածված են մեծ ճանկեր ու խոշոր կտուց ունեցող անգղներ, ինչպես նաև արծիվներ, որոնք հիմնականում ոչնչացնում են տարածաշրջանի վնասակար կրծողներին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | 1931 | 1941 | 1951 | 1953 | 1959 | 1969 | 1975 | 1979 | 1988 | 1989 | 2001 | 2011 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակչությունը | 1635 | 1473 | 3016 | 3081 | 3818 | 6778 | 9100 | 10603 | 14530 | 15731 | 16843 | 14894 | 14900 |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիսիան բնակավայրը 1922-1930 թթ. եղել է Զանգեզուրի գավառի Սիսիանի գավառամասի կազմում, 1930 թվականից՝ Սիսիանի վարչական շրջանի շրջկենտրոն։ 1935-1940 թթ. կոչվել է Սիսավան։ 1974 թ. մինչև 1995 թ. ունեցել է շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ։ Մինչև 1988 թ. Սիսիանի Քաղաքային Սովետի ենթակայության տակ էին Ույծ, Աշոտավան, Կլիզիլջուկ գյուղերը։ 1995 թ. դեկտեմբերի 4-ի Հայաստանի կառավարության կողմից հաստատված «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Սիսիանը քաղաքային համայնք է Սյունիք մարզի կազմում։ Սյունիքի մարզը կազմավորվել է նույն օրենքով Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրու վարչական շրջանների միավորումով։ Այժմյան Սյունիքի մարզի տարածքը կազմում է պատմական Սյունյաց երկրամասի մի մասը։ Սյունյաց երկրամասն ըստ նորագույն պատմական փաստերի եղել է Ուրարտու-Արարատ պետության կազմի մեջ։ Սյունիքի սահմանների մասին առաջինը ընդհանրական տեղեկություններ է հաղորդում Մովսես Խորենացին, ըստ որի նահապետ Գեղամը, որը հայոց նախահայր Հայկի ցեղից էր և Սյունիքը ժառանգություն էր ստացել և հետագայում Սևանա լճից մինչև Արաքս ընկած տարածքը ժառանգություն է տալիս Սիսակ անունով իր որդուն։ Ըստ 7-րդ դարի գիտնական Անանիա Շիրակացու «Աշխարհացույցի» Սյունիքը Մեծ Հայքի 9-րդ նահանգն էր և զբաղեցնում էր Սևանա լճից դեպի հարավ-արևելք ընկած տարածքը մինչև Արաքս գետը։ Սյունիքի ներքին և արտաքին սահմանները ժամանակի ընթացքում ենթարկվել են փոփոխության։ Ըստ Անանիա Շիրակացու Սյունիքի նահանգի գավառներն էին՝ Երնջակը, Ճահուկը, Վայոց ձորը, Գեղարքունիքը, Սոտքը, Աղահեճքը, Ծղուկը, Հաբանդը, Բաղքը, Ձորքը, Արևիքը, Կովսականը։ Այժմյան Սիսիանի տարածաշրջանը, ինչպես նաև Գորիսի տարածաշրջանի արևմտյան մասը ընդգրկված էին Ծղուկի գավառում։ IV-IX դարերում Ծղուկի Շաղատ քաղաքավանը եղել է Սյունիքի մայրաքաղաքը և հոգևոր գահանիստը։ X դարում Սյունիքում կատարվում են տարածքային և վարչաքաղաքական լուրջ փոփոխություններ։
Սևանա լճի ողջ ավազանը (Գեղարքունիքը) անցնում է Բագրատունիներին։ Նույն դարում արաբները Սյունիքից անջատում են Երնջակը և միացնում Նախիջևանին։ X դարում Սյունիքն արդեն բաժանված էր 4 իշխանությունների միջև։ Սյունյաց կենտրոնացված իշխանության անկումից հետո (XV-XVI դարեր) Սյունիքն այլևս աշխարհիկ կենտրոն չի ունեցել, գոյություն ունեին մի շարք նշանավոր հայկական իշխանություններ (մելիքություններ)՝ Բեխ (Կապան), Անգեղակոթ (Սիսիան), Տաթև, Խնածախ և այլը։ XIX դարի երկրորդ կեսին ռուսական տիրապետության ժամանակ ստեղծվում է Զանգեզուր գավառը՝ Գորիս կենտրոնով։ Զանգեզուրում խորհրդային իշխանություն հաստատվել է 1921 թ. հուլիսի 12-ին։ Երկրամասում 1918-1921 թթ. հայ ազգային-ազատագրական պայքարի կարևոր նվաճումը եղավ այն, որ Զանգեզուրը հայտնվեց Խորհրդային Հայաստանի, այլ ոչ Ադրբեջանի կազմում։ 1921 թ. հուլիսի 20-ի «ՀԽՍՀ վարչական վերաբաժանումների մասին» դեկրետով հանրապետության տարածքը բաժանվեց 8 գավառի (Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Ղարաքիլիսայի, Լոռիի, Իջևանի, Նոր Բայազետի, Դարալագյազի) և 33 գավառամասերի։ Նույն թվականի օգոստոսի 31-ին ՀԽՍՀ ժողկոմխորհը որոշում է Գորիսի, Տեղի, Տաթևի, Սիսիանի, Ղափանի և Մեղրիի գավառամասերից կազմավորել Զանգեզուրի գավառը՝ Գորիս կենտրոնով։ 1930 թ. սեպտեմբերի 9-ին՝ ՀԽՍՀ Կենտգործկոմի նախագահության որոշմամբ իրականացվեց Խորհրդային Հայաստանի նոր վարչատարածքային բաժանումը, որով վերացվեցին գավառները։ Զանգեզուր գավառի փոխարեն ստեղծվեցին Գորիսի, Կապանի, Սիսիանի, Մեղրու վարչական շրջանները՝ համապատասխանաբար նույնանուն կենտրոններով։ 1995 թ. «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքով ստեղծվեց Սյունիքի մարզը՝ Կապան մարզկենտրոնով։ Նորաստեղծ մարզի մեջ մտան Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրու նախկին վարչական շրջանները։ Սիսիանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Արցախյան շարժմանը՝ արիաբար տանելով պատերազմի (1991-1993 թթ.) արհավիրքը և կիսելով նոր անկախացած Հայաստանին հասած բոլոր դժվարությունները։
Քաղաքային իշխանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Հայաստանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի՝ Սիսիանում ժողովրդի իշխանություն իրականացնելու և համայնքային խնդիրները լուծելու նպատակով օրենքով սահմանված կարգով ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմիններ՝ Սիսիան համայնքի ավագանի և համայնքի ղեկավար։
Քաղաքապետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիսիանի քաղաքապետը հանդիսանում է համայնքի ղեկավար և պաշտոնապես ներկայացնում է համայնքը, Սիսիանի գործադիր մարմինն է և իրականացնում է Հայաստանի Սահմանադրությամբ ու Հայաստանի տեղական ինքնակառավարման մասին օրենքով նախատեսված լիազորությունները։ 2022 թ սեպտեմբերի 25 համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքում Սիսիանի քաղաքապետ է ընտրվել Արմեն Հակոբջանյանը։
Ավագանի
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիսիան համայնքի ավագանին ներկայացուցչական մարմին է և իրականացնում է Հայաստանի Սահմանադրությամբ և Հայաստանի տեղական ինքնակառավարման մասին օրենքով նախատեսված լիազորություններ։ 2008 թ. հոկտեմբերի 12 ավագանու անդամի ընտրություններից հետո Սիսիանի ավագանու կազմը հետևյալն է.
- Տարոն Մինասյան
- Հովիկ Ալեքսանյան
- Աշոտ Ավագյան
- Արման Արշակյան
- Արթուր Դավթյան
- Վարդան Իվանյան
- Բենիկ Սահակյան
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիսիան քաղաքն ընկած է Որոտանի կիրճում, ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա։ Քաղաքի հյուսիսով, մոտ 5 կմ հեռավորությամբ անցնում է Մ-2 միջպետական նշանակության Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհը։ Սիսիանն այդ ճանապարհին է կապված Հ-44 Շաքի-Սիսիան-Դաստակերտ ճանապարհով։ Մյուս ավելի կարճ ճանապարհով քաղաքը կապվում է Մ-2-ի հետ, որն ավելի հարմարավետ է դեպի հարավ գնալու դեպքում (Գորիս, Կապան)։ Սիսիան քաղաքից սկիզբ են առնում դեպի շրջակա գյուղերը տանող ևս 3 տեղական նշանակության ճանապարհներ՝ Սիսիան - Բռնակոթ - Սալվարդ, Սիսիան - Աշոտավան - Արևիս, Սիսիան - Շամբ - Լեռնաշեն։
Ներքաղաքային տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի փողոցային ցանցն ուղղանկյունաձև ուրվագիծ ունի, քիչ շեղումներով։ Քաղաքի փողոցներով տրանսպորտի երթևեկությունը կատարվում է ազատ ռեժիմով։ Համաքաղաքային նշանակության փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է 8.48 կմ։ Սիսիան քաղաքում կա հասարակական տրանսպարտի երթուղի (երթուղային միկրոավտոբուսներով), որը քաղաքի հյուսիսարևելյան թաղամասը միացնում է քաղաքային հիվանդանոցին։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գործում են հինգ հիմնական դպրոցներ։ Երաժշտական դպրոց - Ստեղծվել է Սիսիան քաղաքում, 1968 թ.։ Գործում են մի քանի մասնագիտությունների դասարաններ։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիսիանի տարածաշրջանը ճանաչված է նաև իր գեղատեսիլ վայրերով, որոնց մեջ առանձնանում են Շաքիի ջրվեժը, Որոտանի կիրճը, լեռնային լճերն ու ջրամբարները։ Սիսիանը ունի մշակութային գործող օջախներ, որոնցում ներկայացված են Սիսիանի և Սյունիքի ինչպես պատմական ժառանգությունը, այնպես էլ ներկա մշակույթը։ Սիսիանի Նիկողայոս Ադոնցի անվան պատմության պետական թանգարանն աչքի է ընկնում իր պատմահնագիտական և ազգագրական հարուստ ցուցանմուշներով, ինչպես նաև Քարադարանով՝ քարե կոթողների հարուստ հավաքածուով։ Գործում է նաև Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը, Գեղարվեստի դպրոցը, որոնցում կարելի է ծանոթանալ ինչպես հայ նշանավոր նկարիչների, քանդակագործների, այնպես էլ տեղացի արվեստագետների աշխատանքներին։ Քաղաքում գործում են հանգստի համար հարմարավետ բազմաթիվ վայրեր։
Զորաց քարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Զորաց քարեր հուշարձանը գտնվում է Երևան-Իրան, Երևան-Լեռնային Ղարաբաղ մայրուղու Սիսիանի հատվածում, մայրուղուց 300-400 մետր հեռավորության վրա, իսկ Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս։
Մեգալիթյան հուշարձանը որոշակի դասավորությամբ, ուղղահայաց կանգնեցված հարյուրավոր քարերի մի համալիր է, տեղավորված երեք հեկտարից ավել տարածության վրա։ Այն ծովի մակարդակից բարձր է 1770 մ։
Հուշարձանը ժողովրդին հայտնի է Դիք-դիք քարեր, Ցից-ցից քարեր, Քարահունջ անուներով։ Զորաց քարերը աշխարհում պահպանված հազվագյուտ բնակավայրերից է, որ թվագրվում է մթա 3-1 դ կեսերը, այն մեկընդմեջ օգտագործվել է որպես Ներկոպոլիս «Մեռյալների քաղաք» և բնակավայր։ Այստեղ մինչև օրս պահպանվել են գետնափոր չմշակված խոշոր որձաքարերով ծածկված բնակարաններ, ցեղային դամբարաններ, պաշտամունքային այլ կառույցներ։ Կենտրոնական մասում հսկա քարերով շրջանաձև հրապարակներ։ Հուշարձանի քարերը բազալտից են։ Նրանց մի մասի վրա բացված են ձագարաձև անցքեր, որոնք անշուշտ արված են նպատակային։ Հուշարձանաքարերից մի մասը հասնում է մինչև 2,5 մետր բարձրության։ Գիտական շրջանակներում այս կառույցի վերաբերյալ առկա բազմակարծությունը շրջագծվում է երկու հիմնական տեսակետների շուրջ։
Առաջին, որ կանգնեցված քարերը մենհիրներ են՝ պաշտամունքային հուշակոթողներ՝ նվիրված նախնյաց հիշատակին, կենտրոնական ձվաձև կառույցը՝ կրոմլեխ, իսկ քարերի վրա բացված անցքերը ունեն տեխնիկական նշանակություն։
Երկրորդ, որ Զորաց քարերը հնագույն աստղադիտարան է՝ նախատեսված լուսատուների շարժը դիտելու, ժամանակը չափելու համար և քարերի վրա բացված անցքերն էլ նախատեսված են արդեն երկնային լուսատուների շարժին տարբեր բարձրություններից ու կետերից հետևելու համար։
Ինչպես Սթոունհենջը, ֆրանսիական Կառնակը, հոլանդական Նյու րեջը, Զորաց քարերը ևս, որոշ գիտնականներ կարծում են, որ եղել է Արևի պաշտամունքային կենտրոն և աստղադիտարան։ Գիտնականները, հիմնվելով հնագիտության տվյալների վրա, կարծում են, որ Զորաց քարերը կառուցվել է Մ. ք. ա. 3-2-րդ հազ. Սահմանագլխին, վաղ բրոնզից միջին բրոնզին անցումային ժամանակաշրջանում և որպես այդպիսին գոյություն ունեցել մինչև Մ. ք. ա. 1-ին հազ. կեսերը։ Իսկ որոշ աստղագետներ, հիմնվելով աստղագիտական հաշվարկների վրա, կարծում են, որ հուշարձանը 6000 կամ 8000 տարեկան է, այսինքն թվագրվում է Մ. ք. ա. 4-6-րդ. հազարամյակներով։
Չի կարելի բացառել, որ մարդիկ Զորաց քարերի վրա բացված անցքերի դիտարկումներով մարդիկ ժամանակին կազմել են իրենց օրացույցը՝ տարվա եղանակների, ամիսների և օրերի կտրվածքով, ինչպես նաև բազմաթիվ ուսումնասիրությունների տվյալներով գուշակել արեգակի և լուսնի խավարումը։ Մեծ գիտնական Նիկողայոս Ադոնցը խոսելով այդ տիպի կառույցի մասին գրել է. «Այս կառույցների նպատակը հայտնի չէ։ Թվում է, թե նրանց մի մասը եղել են բերդեր, մյուսները հավանաբար շրջապատել են սրբավայրերը։ Վերոնշյալ կառույցներին առեղծվածային բնույթ են տալիս այն պատերը, որոնք սկսվում են արտաքին պարսպից և իջնում մինչև դաշտավայր»։ Զորաց քարեր բնակավայրը շատ քիչ է ուսումնասիրված։ Մասնակի պեղել է Ակադեմիկոս Մ. Հասրաթյանը, իսկ հետագայում Է. Պարսամյանը, Բ. Սադոյանը։ Ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու՝ Քարահունջը 7500 տարի առաջ եղել է սրբավայր և աստղադիտարան։
Շաքիի ջրվեժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական հոդված՝ Շաքիի ջրվեժ
Շաքիի ջրվեժը իրավամբ համարվում է Սյունյաց բնաշխարհի «յոթ հրաշալիքներից» մեկը։ Լեգենդն ասում է, թե երբ Լենկ Թեմուրը նվաճում է Սյունիքը, հմայվում է լեռնաշխարհի աղջիկների գեղեցկությամբ և հրամայում է իր զինվորներին հարեմը զարդարելու համար գտնել և բերել ամենագեղեցիկին։ Նրանք գյուղից գյուղ են շրջում, տնից տուն։ Վերջապես գտնում են նրան, անունը Շաքի և հայտնում Թեմուրի հրամանը։ Լսելով առաջարկը Շաքիի սիրտը քար է կտրում, աշխարհը կարծես փուլ գալիս գլխին։ Ու մինչ զինվորները պատասխանի էին սպասում, աղջիկը ծառս է լինում տեղից ու վազում դեպի Որոտանի կիրճը։ Զինվորները հետապնդում են նրան։ Ներքևում քարափն էր։ Շաքին կամ պետք է ենթարկվեր նրանց կամ էլ կիրճը նետվեր։ Գերադասում է երկրորդը։ Ու այդ օրվանից էլ նույն 18 մետր բարձրությամբ կիրճից ձորը գահավիժող ջրվեժը կրում է այդ գեղանի աղջկա անունը[4]։
Սյունի վանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիսավան եկեղեցի կամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար. 6-7-րդ դարերի կառույց է։ Եկեղեցին կոչվում է նաև Սուրբ Հովհաննես։ Բազալտաշեն այդ կառույցը բազմած է Սիսիան քաղաքի հյուսիսային մասում գտնվող բլրին։ Եկեղեցին կառուցել է Սյունյաց Կոհազարդ իշխանը, և Սյունիք հոգևոր նշանավոր կենտրոններից է եղել։ Եկեղեցում պահպանվող մագաղաթների կողքին ցուցադրվում են նաև աշխարհահռչակ մանրաքանդակագործ ծնունդով սիսիանցի Էդվադ Տեր Ղազարյանի աշխատանքներից։
Որոտնաբերդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական հոդված՝ Որոտնաբերդ
Հնագույն բերդերից մեկը։ Այն հիշատակվում է Եղիշեի կողմից։ Բերդը հաճախ կոչվում է նաև Դավիթ Բեկի բերդ՝ քանի որ նրա զորաջոկատները այստեղ են նաև մարտնչել թուրք նվաճողների դեմ։ Բերդը գտնվում է Որոտնավան գյուղի հարևանությամբ, ուղիղ Մելիք-Թանգիի կամրջի գլխավերևում։
Պորտաքար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական հոդված՝ Պորտաքար
Գտնվում է Սիսիան-Գորիս խճուղու ձախակողմյան մասում, Իշխանասարի ստորոտում։ Այն գետնի մեջ թաղված հսկա որձաքար է, որը կենտրոնում ունի կոնաձև բարձրություն։ Ըստ ավանդության ամուլ կանայք այստեղ գալով՝ կատարել են որոշ ծիսակատարություններ, որից հետո պորտով հպվելով քարին՝ պտտվում են։ Այստեղ ուխտի գալով՝ կանայք հոգեբանորեն բուժվել են։ Ըստ Սերո Խանզադյանի «Պորտաքար» պատմվածքի, անց են կացրել նաև բուժման այլ արարողություններ։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիսիանում ամեն տարի արվեստագետ Աշոտ Ավագյանը կազմակերպում է արվեստի փերֆորմանսներ։
Զանգվածային լրատվամիջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սյունի» հ/ը
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշանավոր սիսիանցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական դեմքեր
- Անդովկ (Անդոկ) Սյունի - Սյունյաց նախարարության մեծ նահապետ
- Բաբիկ Սյունի - Սյունյաց նախարարության նահապետ
- Վասակ Սյունի (387-454) - Սյունյաց նախարարության գահերեց և տանուտեր իշխան, Հայաստանի մարզպան
- Իսրայել Օրի (1658-1711) - հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, դիվանագետ, զինվորական
- Մելիք-Թանգի Բ - Սյունյաց հազարապետ, մեծ շինարար
Եկեղեցական-կրթական գործիչներ
- Անանիա Սյունեցի - կրոնական գործիչ, Սյունյաց պրոտոֆրոնտես (պատրիարքի նախաթոռ)
- Բենիամին Երեց - 5-րդ դարի թարգմանիչ, հայ դպրության Սյունյաց գործիչ
- Պետրոս Սյունեցի Քերթող -6-րդ դարի եկեղեցական գործիչ, մատենագիր, թարգմանիչ
- Վրթանես Քերթող - 6-7-րդ դդ. մատենագիր, հրապարակախոս, եկեղեցական գործիչ, Սյունյաց մետրոպոլիտ, գահերեց իշխան, կաթողիկոսական տեղապահ
- Մաթուսաղա Քերթող - Փիլիսոփա, գիտնական, Սյունիքի պրոտոֆրոնտես (634-652 թթ.)
- Մովսես Քերթող - խոշոր քերական, հոգևոր երգերի հեղինակ, թարգմանիչ, Սյունիքի մետրոպոլիտ (722-729 թթ.)
- Ստեփանոս Սյունեցի - 8-րդ դարի մատենագիր, աստվածաբան, քերական, թարգմանիչ, բանաստեղծ
- Հովհան Որոտնեցի (1315-1388) – միջնադարի հայ փիլիսոփա, աստվածաբան, ուսուցչապետ, եկեղեցական-քաղաքական գործիչ
- Շմավոն Րաբունապետ Անգեղակոթցի – 15-րդ դարի Սյունյաց եկեղեցու ականավոր գործիչ
- Զաքարիա Սյունեցի - 17-րդ դարի թարգմանիչ, բանասեր, կրոնական գործիչ
- Հովհաննես Շինաթաղեցի –17-18-րդ դդ. Սյունյաց թեմակալ առաջնորդ, Սյունյաց թեմի հոգսերի թեթևացման և պարսիկների հետ հարաբերությունների նորմալացման ջատագով
- Սողոմոն Շինաթաղեցի - 18-19-րդ դդ. Սյունյաց թեմակալ առաջնորդ
- Հովասափ Ըղվերծեցի - 18-րդ դարի Սյունյաց թեմակալ առաջնորդ
- Կիրակոս Ըղվերծեցի - 18-րդ դարի Սյունյաց թեմակալ առաջնորդ
- Հովակիմ Արքեպիսկոպոս - 18-րդ դարի Սյունյաց թեմակալ առաջնորդ
- Ներսես Մելիք-Թանգեան (1866-1948) – հայ եկեղեցական գործիչ, Ատրպատականի թեմակալ առաջնորդ (1912-1948 թթ.)
Գրականության և արվեստի գործիչներ
Մատենագիրներ
Ճարտարապետներ և կազմողներ
Բանաստեղծներ և գրողներ
- Սահանդուխտ Սյունեցի
- Համո Սահյան (1914-1993) - հայ գրող
- Նորիկ Նազարյան
- Գրիգոր Սարգսյան
- Դանիել Գևորգյան
- Փոթորիկ
- Լորաննա Հովակիմյան
- Նվարդ Բաղդասարյան
- Սահմեդիկ Գրիգորյան
- Աղվան Մինասյան
Արվեստագետներ
- Արտաշես Հովսեփյան (1931-) - հայ անվանի քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ
- Բաղդասար Արզումանյան (1916-2001) – հայ ականավոր ճարտարապետ
- Լևոն Մուշեղի Գևորգյան (1930-) - հայ անվանի ճարտարապետ, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ (1972),
- Աշոտ Ավագյան (1958-)-հայ արվեստագետ Մոսկվայի ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր
- Զաքար Խաչատրյան
- Գետիկ Բաղդասարյան - հայ քանդակագործ
- Փարավոն Միրզոյան
- Էդվարդ Տեր-Ղազարյան - աշխարհահռչակ միկրոքանդակագործ, մանրաքանդակագործության հիմնադիրը
- Սպարտակ Սաֆյան
- Արկադի Պետրոսյան
- Սուսաննա Թանգյան
- Ալեքսանդր Խաչատրյան
- Բենիամին Օվչյան
- Աշոտ Սաֆյան
Գիտնականներ, գիտամանկավարժական կադրեր
- Նիկողայոս Ադոնց (1871-1942) - հայ գիտնական-պատմաբան, բանասեր, բյուզանդագետ
- Միքայել Աստվածատուրով
- Լևոն Վարդանյանց
- Մորուս (Մարգար) Հասրաթյան (1902-1979) – հայ պատմաբան, հնէաբան, բանասեր
- Հրանտ Ադոնց (1914-1987) - հայ ականավոր էներգետիկ
- Գալինա Ադոնց
- Վալենտինա Ադոնց
- Կարինե Ադոնց
- Բորիս Կարապետյան
- Սեդրակ Մովսիսյան
- Հրաչյա Քարամյան
- Իսահակ Իսահակյան
- Արմեն Իսահակյան
- Կարեն Իսահակյան
- Գրիգոր Իսահակյան
- Մուշեղ Ադոնց
- Տիգրան Մովսիսյան
- Քրիստափոր Առուստամով
- Վիկտորիա Հակոբջանյան
- Երվանդ Սարգսյան
- Սմբատ Բադալյան
- Անահիտ Միրզաբեկյան
- Արտաշես Պողոսյան
- Հովհաննես Վարդանյան
- Արամ Բալյան
- Գրիշա Ղարիբյան
- Ավագ Ավանեսյան
- Գեորգի Սարկիսով
- Գարուշ Հարությունյան
- Գագիկ Մկրտչյան
- Ռիանոս Մկրտչյան
- Գրիգոր Գրիգորյան
- Մուրադ Հասրաթյան
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նեա Զմյուռնիա (Հունաստան, 2004-ից)
- Սլուցկ (Բելառուս, 2008-ից)
- Մոնտելիմար (Ֆրանսիա, 2011-ից)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
- ↑ «Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 616
- ↑ Մ.Հ. Առաքելյան «Սիսիանի համառոտ հանրագիտարան», Երևան, «Էդիթ Պրինտ», 2002, էջ 127։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիսիան» հոդվածին։ |
|
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |