1948-1949 թվականներին աշխատել է Չիկագոյի համալսարանում, 1949 թվականից՝ Պրինստոնի բարձրագույն հետազոտությունների ինստիտուտում (1955 թ-ից՝ պրոֆեսոր)։ 1966 թվականից՝ Նյու Յորք նահանգի համալսարանի տեսական ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր և տնօրեն։ Աշխատանքները վերաբերում են դաշտի քվանտային տեսությանը, տարրական մասնիկներին, ֆազային անցումների տեսությանը։ Լի Ցզուն Դաոյի հետ համատեղ 1956 թվականին տեսականորեն ապացուցել է զույգության խախտումը թույլ փոխազդեցություններում (նոբելյան մրցանակ, 1957), որը հետագայում հաստատվել է փորձով։ Չժեննին Յանգն ունի նաև երկբաղադրիչ նեյտրինոյի տեսությանը (Լի Ցզուն Դաոյի և Ռ․ էմեի հետ համատեղ), կոնդենսացման տեսությանը (Լի Ցզուն Դաոյի հետ համատեղ) նվիրված աշխատանքներ։ Ապացուցել է վիճակագրական գումարների համար ջերմադինամիկական սահմանի գոյությանը վերաբերող մի քանի թեորեմ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 117)։