Մուրճ
Մուրճ, տարբեր մեծության մետաղյա կամ փայտե կոթավոր ձեռքի գործիք, նախատեսված է մեխերին և զանազան իրերին հարվածելու համար։ Հիմնականում պատրաստված է պողպատից։ Համարվում է բանական մարդու կողմից օգտագործվող ամենահին գործիքներից մեկը։
Ներկայումս մուրճն օգտագործվում է գործունեության տարբեր ոլորտներում։ Հյուսները, ատաղձագործները, փականագործները, կոշկակարները, էլեկտրիկները, շինարարները, քանդակագործները, երկրաբանները և շատ այլ բանվորներ և մասնագետներ օգտագործում են տարատեսակ մուրճեր։ Մուրճը նաև անփոխարինելի է տնային գործիքների տուփի մեջ։ Բժշկության մեջ օգտագործվում են հատուկ մուրճեր[1][2]։
Մուրճի հիմնական մասը ամուր նյութի՝ հիմնականում մետաղի զանգված է, որը կարող է օգտագործվել ինչ-որ բանի հարվածելու համար՝ առանց էապես դեֆորմացման։ Հարվածներ գործադրելու հարմարավետության և ավելի մեծ ուժ գործադրելու համար մուրճի հարվածող մասը տեղադրվում է բռնակի վրա, որը սովորաբար, պատրաստված է փայտից, պլաստմասսայից կամ մետաղից։ Փայտե մուրճի բռնակը հիմնականում պատրաստված է լինում կեչու, հաճարենու, թխկու, բոխու և այլ հարմար փայտի տեսակներից։ Սոճու և կաղնու փայտերը սովորաբար չեն օգտագործվում որպես մուրճի բռնակ, քանի որ սոճու փայտը փխրուն է և կարող է մուրճը դուրս գալ բռնակից, իսկ կաղնու փայտը չափազանց կոշտ է, ինչը գործիքի հետ աշխատելիս առաջացնում է անհարմարավետություն։ Բռնակի համար օգտագործվող փայտը պետք է մինչ մուրճին տեղադրվելը չորացվի։
Ձեռքի մուրճերից բացի կան նաև էլեկտրական մուրճերը, ինչպիսիք են գոլորշու մուրճերը և պտտվող մուրճերը, որոնք օգտագործվում են մարդկային թևի կարողությունից վեր ուժեր հաղորդելու համար։ Գոյություն ունեն ավելի քան 40 տարբեր տեսակի մուրճեր, որոնք ունեն շատ տարբեր տեսակի օգտագործման նպատակներ[3]։
Փականակագործի մուրճն ունի երկու տարբեր հատվածներ. մեկը՝ կլոր, կամ քառակուսի, մի փոքր ուռուցիկ մակերևույթով, իսկ մյուսը՝ նեղացած։
Զանգվածային մուրճի գլուխը նախատեսված է մեխեր խփելու, այն հարթեցնելու, մետաղը դեֆորմացնելու և այլ նպատակների համար։ ԽՍՀՄ-ում պատրաստված փականագործի մուրճերի վրա սովորաբար դրոշմներ է արված` նշելով քաշը գրամներով։
Ատաղձագործի մուրճի վրա կա երկկողմանի ատամ, որը հարմար է մեխերը հանելու համար։ Քարտաշային աշխատանքներում օգտագործվում է հատուկ պատրաստված մուրճ։ Երբեմն քարը չվնասելու համար օգտագործում են մուրճեր, որոնցում հարվածային մասը պատրաստված է փափուկ նյութից (կաուչուկ, պղինձ, կապար)։ Նախկինում անասունների սպանդի համար օգտագործվել է հատուկ մուրճ, հետագայում այն դուրս է եկել գործառությունից։
Պողպատե մուրճի գլխիկների հարվածից կարող է կայծեր առաջանալ և բռնկել դյուրավառ կամ պայթուցիկ գազեր։ Դրանք վտանգ են ներկայացնում որոշ արդյունաբերություններում, ինչպիսիք են ստորգետնյա ածուխի արդյունահանումը (մեթանի գազի առկայության պատճառով) կամ այլ վտանգավոր միջավայրում, ինչպիսիք են նավթավերամշակման գործարանները և քիմիական գործարանները։ Այդ միջավայրերում օգտագործվում են մի շարք ոչ կայծային մետաղական գործիքներ, որոնք հիմնականում պատրաստված են ալյումինից կամ պղնձից, իսկ բռնակները ամուր պլաստմասսաից կամ ռետինից։
Նախկին Խորհրդային Միության դրոշի վրա պատկերված է եղել մուրճ և մանգաղ։ Այդ երկու գործիքները պրոլետարիատի և գյուղացիության խորհրդանինշերն են, դրանց միացումը խորհրդանշում էր պրոլետարիատի և գյուղացիության միությունը։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթիվեն Քինգի «Ռիտա Հեյուորթը և փրկությունը Շոուշենկից» գրքում նշվում է երկրաբանական մուրճը, որի օգնությամբ գլխավոր հերոսներից մեկին հաջողվել է երկար տարիների ընթացքում փոս բացել բանտի խցի պատին և ազատվել։ Պատմվածքի հիման վրա 1994 թվականին նկարահանվել է ֆիլմ՝ «Փախուստ Շոուշենկից»։
Գրականությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «hammer Meaning in the Cambridge English Dictionary». dictionary.cambridge.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «How hammer is made - material, making, history, used, components, structure, steps». www.madehow.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Akins, Ricky (2018 թ․ սեպտեմբերի 6). «40 Different Types of Hammers and Their Uses». Garage tool advisor. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Types of Hammers (images and descriptions)
- "Choosing a Hammer". Popular Science, June 1960, pp. 164–167.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուրճ» հոդվածին։ |
|