Մենտոր (հին հունարեն՝ Μέντωρ)[2], հին հունական դիցաբանության մեջ
Ալկիմոսի որդին, Ոդիսևսի ընկերը։ Տրոյայի դեմ արշավանքի մեկնելիս, Ոդիսևսը նրան էր հանձնարարել հոգալ իր տան մասին։ Մենտորը դաստիարակել է Ոդիսևսի որդուն՝ Տելեմաքոսին և հակահարված տվել Պենելոպեի փեսացուներին։ Աթենաս աստվածուհին Ոդիսևսին, Տելեմաքոսին կամ Պենելոպեին օգնելու նպատակով հաճախ ընդունում էր Մենտորի կերպարանքը[3]։ Որպես Մենտոր, Աթենասը քաջալերում էր Տելեմաքոսին պայքարել մոր փեսացուների դեմ և ճանապարհ ընկնել պարզելու, թե ինչ է պատահել հորը։ Երբ Ոդիսևսը վերադառնում է Իթակե, Աթենասը մեկ անգամ ևս հայտնվում է նրա պալատում՝ Մենտորի կերպարանքով։
Մենտորի անունով է կոչվել 1984 թվականին հայտնաբերված մի աստերոիդ։
Որպես Տելեմաքոսի դաստիարակ և խորհրդատու, Մենտորը նրան հաճախ էր աջակցում խորհուրդներով և խրատներով և օգնում դուրս գալ անելանելի իրավիճակներից։ Այսպես «Մենտոր» անունը փոխաբերաբար օգտագործվում է որպես հասարակ անուն՝ «խորհրդատու», «ղեկավար» և «պատանեկության դաստիարակ» նշանակությամբ այն մարդկանց բնորոշելու համար, ովքեր կիսվում են իրենց գիտելիքներով և փորձով՝ ավելի անփորձ աշխատակիցների կամ գործընկերների հետ։
Մենտոր անունը լայն ճանաչում գտավ 17-րդ դարի ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ֆենելոնի «Տելեմաքոսի արկածները» չափածո վեպի (1699 թ.)[4] միջոցով։ Գրքի գլխավոր հերոսը Մենտորն է։ 18-րդ դարում գիրքը լայն ճանաչում է ձեռք բերում և Մենտոր անվան ժամանակակից գործածությունն առաջացել է հատկապես այդ գրքի շնորհիվ[4]։