Հերբի Արթուր
Հերբի Արթուր անգլ.՝ Herby Arthur | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 14, 1863 | ||
Ծննդավայր | Բլաքբըրն, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն | ||
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 27, 1930 (67 տարեկան) | ||
Մահվան վայր | Բլաքբըրն, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ուիլյամ Ջոն Հերբերտ Արթուր (անգլ.՝ William John Herbert Arthur, փետրվարի 14, 1863, Բլաքբըրն, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 27, 1930, Բլաքբըրն, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ավելի հայտնի է որպես Հերբի Արթուր (անգլ.՝ Herbie Arthur), անգլիացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Նա առավել հայտնի է «Բլաքբըրն Ռովերսում», ինչպես նաև Անգլիայի ազգային հավաքականում խաղով[1]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլաքբըրնում ծնված Արթուրը խաղացել է «Լոուեր Բենք Աքադեմի» և «Քինգս Օուն» տեղական ֆուտբոլային թիմերում։ 1880 թվականին նա միացել է «Բլաքբըրն Ռովերսին»։ Սկզբում նա խաղացել է աջ կիսապաշտպանի դիրքում, սակայն հետագայում պահեստայինների կազմում սկսել է խաղալ որպես դարպասապահ։ 1884 թվականին «Բլաքբըրն Թայմսի» մի հոդվածում նա նկարագրվել է որպես «շատ հուսալի» դարպասապահ, սակայն ոչ «փայլուն կամ խորամանկ խաղացող»[2]։
Այն ժամանակ պաշտոնական լիգաներ չկային, ակումբներն անցկացնում էին միայն ընկերական խաղեր և մասնակցում էին գավաթային մրցաշարերին, օրինակ՝ Անգլիայի գավաթին և Լանքաշիրի մեծ գավաթին։ 1883/84 մրցաշրջանում «Բլաքբըրն Ռովերսը» հասել է Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ հանդիպել է շոտլանդական «Քուինս Պարկ» ակումբի հետ և հաղթել 2:1 հաշվով[3]։
1884/85 մրցաշրջանում «Բլաքբըրն Ռովերսը» կրկին հասել է Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ կրկին հանդիպել է շոտլանդական «Քուինս Պարկ» ակումբի հետ և կրկին հաղթել է՝ այս անգամ 2։ 0 հաշվով[4]։
1885/86 մրցաշրջանում «Բլաքբըրն Ռովերսը» երրորդ անգամ անընդմեջ դուրս է եկել Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ հանդիպել է «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» հետ։ 1886 թվականի ապրիլի 3-ին Լոնդոնի «Քենինգթոն Օվալ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով։ Վերախաղարկությունը տեղի է ունեցել Դերբիի «Ռեյսքորս Գրաունդ» մարզադաշտում։ Չնայած «Ալբիոնի» խաղացողների հարձակողական լավ խաղին, որոշիչ դեր է խաղացել «Ռովերսի» խաղացողների փորձը․ նրանք երկու անպատասխան գոլ են խփել մրցակցի դարպասը և երրորդ անգամ անընդմեջ նվաճել Անգլիայի գավաթը[5]։
1888 թվականին Լանքաշիրի և Ուեսթ Միդլենդսի առաջատար պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբները հիմնեցին լիգայի մրցաշար, որը կոչվում էր «Ֆուտբոլային լիգա» (անգլ.՝ Football League)։ Ֆուտբոլային լիգայի առաջին մրցաշրջանը սկսվել է 1888 թվականի սեպտեմբերի 8-ին։ «Բլաքբըրն Ռովերսը» դարձել է առաջնության 12 հիմնադիրներից մեկը։ Ֆուտբոլային լիգայում իր առաջին հանդիպումը «Բլաքբըրն Ռովերսն» անցկացրել է 1888 թվականի սեպտեմբերի 15-ին. «Աքրինգթոնի» դեմ այդ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 5:5 հաշվով։ 1888/89 մրցաշրջանում Հերբի Արթուրը, ընդհանուր առմամբ, անցկացրել է 15 հանդիպում ֆուտբոլային լիգայում, ևս 5-ը՝ Անգլիայի գավաթում։ «Բլաքբըրն Ռովերսը» մրցաշրջանն ավարտել է 4-րդ տեղում, իսկ չեմպիոնի տիտղոսը նվաճել է «Փրեսթոն Նորթ Էնդ» թիմը, որը ոչ մի պարտություն չի կրել։ Անգլիայի գավաթում «Ռովերսը» հասել է կիսաեզրափակիչ, որտեղ վերախաղարկման ժամանակ պարտվել է «Վուլվերհեմփտոն Ուոնդերերս» ակումբին[6]։
1889/90 մրցաշրջանում Արթուրը կորցրել է իր տեղը «Բլաքբըրնի» հիմնական կազմում։ 1890/91 մրցաշրջանը նա անցկացրել է «Սաութպորտ Սենթրալում»՝ թիմի կազմում անցկացնելով 16 հանդիպում (13-ը՝ Լանքաշիրյան լիգայում և 3-ը՝ Լանքաշիրի փոքր գավաթում)[7]։
1891/92 մրցաշրջանում Արթուրը վերադարձել է «Ռովերս»՝ այդ մրցաշրջանում մասնակցելով թիմի 26 հանդիպումներից 21-ին։ Այդ մրցաշրջանում զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել 1891 թվականի դեկտեմբերին «Թըրֆ Մուրում» «Բըրնլիի» դեմ խաղի ժամանակ։ Հանդիպումն անցել է եղանակային վատ պայմաններում, մինչև ընդմիջում «Բըրնլին» հաղթել է 3:0 հաշվով։ Ընդմիջումից հետո «Բըրնլիի» ֆուտբոլիստները վերադարձել են խաղադաշտ, իսկ «Ռովերսի» խաղացողները խաղադաշտ դուրս չեն եկել։ Մրցավար Չարլզ Քլեգը սպասել է չորս րոպե, այնուհետև տվել է երկրորդ խաղակեսի մեկնարկը, թեև «Բլաքբըրն Ռովերսի» ընդամենը մի քանի խաղացողներ էին վերադարձել խաղադաշտ։ Երկրորդ խաղակեսի սկզբում մրցավարը խաղադաշտից հեռացրել է երկու խաղացողի (մեկը «Ռովերսի», մյուսը՝ «Բըրնլիի»), որից հետո «Ռովերսի» մնացած բոլոր խաղացողները լքել են խաղադաշտը։ «Բլեքբըրնի» կազմում խաղադաշտում մնացել է միայն դարպասապահ Հերբի Արթուրը։ Մրցավարը չի դադարեցրել խաղը, ինչը նշանակում էր, որ Արթուրը պետք է միայնակ խաղար «Բըրնլիի» տասը խաղացողների դեմ։ «Ռովերսի» դարպասապահը, այնուամենայնիվ, արագ հասկացել է, որ «Բըրնլիի» բոլոր խաղացողներն ավտոմատ կերպով գտնվում են խաղից դուրս վիճակում, քանի որ դարպասի և մրցակիցների միջև չկա «Բլեքբըրն Ռովերսի» երկու խաղացող։ Նա այդ մասին ասել է մրցավարին, որից հետո վերջինը որոշել է չեղարկել խաղը՝ այն «անհեթեթ իրավիճակի» պատճառով, որում հայտնվել է[8]։
«Բլեքբըրն Ռովերսը» 1891/92 մրցաշրջանն ավարտել է միայն 9-րդ տեղում։ 1892 թվականին Արթուրը հայտարարել է ֆուտբոլից հեռանալու մասին։ Նա ակումբի կազմում իր վերջին հանդիպումն անցկացրել է 1892 թվականի հոկտեմբերի 1-ին. դա «Աքրինգթոնի» դեմ խաղն էր (ոչ-ոքի 3:3)[1]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]1885 թվականի փետրվարի 28-ին Արթուրն իր նորամուտն է նշել Անգլիայի հավաքականի կազմում Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում, որում բրիտանացիները հաղթել են 4:0 հաշվով[9]։
Ընդհանուր առմամբ Անգլիայի հավաքականի կազմում Արթուրն անցկացրել է 7 խաղ[1][10]։
Ազգային հավաքականում հանդիպումների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|
1 | 28․02․1885 | «Ուոլլի Ռեյնջ», Մանչեստր | Իռլանդիա | 4:0 | Տնային առաջնություն 1885 |
2 | 14․03․1885 | «Լեմինգթոն Ռոուդ», Բլաքբըրն | Ուելս | 1:1 | Տնային առաջնություն 1885 |
3 | 21․03․1885 | «Քենինգթոն Օվալ», Լոնդոն | Շոտլանդիա | 1:1 | Տնային առաջնություն 1885 |
4 | 27․03․1886 | «Հեմպդեն Պարկ», Գլազգո | Շոտլանդիա | 1:1 | Տնային առաջնություն 1886 |
5 | 29․03․1886 | «Ռեյսքորդ Գրաունդ», Ռեքսհեմ | Ուելս | 3:1 | Տնային առաջնություն 1886 |
6 | 5․02․1887 | «Բրեմոլ Լեյն», Շեֆիլդ | Իռլանդիա | 7:0 | Տնային առաջնություն 1887 |
7 | 26․02․1887 | «Քենինգթոն Օվալ», Լոնդոն | Ուելս | 4:0 | Տնային առաջնություն 1887 |
Ընդհամենը՝ 7 խաղ (3 «չոր») / 4 բաց թողած գոլ, 4 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 0 պարտություն[1][10]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բլաքբըրն Ռովերս»
- Անգլիայի գավաթի հաղթող (3)՝ 1883/84, 1884/85, 1885/86
- Անգլիայի հավաքական
- Տնային առաջնության հաղթող. 1885/86 (առանձնացված հաղթանակ)
Ֆուտբոլից դուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուրն աշխատել է ֆաբրիկայում որպես կահույքագործ, ինչպես նաև եղել է ծաղկի ցուցահանդեսների կազմակերպիչ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Herbie Arthur» (անգլերեն). England Football Online.
- ↑ Jackman, Mike Blackburn Rovers: The Complete Record. — DB Publishing, 2009. — P. 151–152. — ISBN 978-1-78091-387-2
- ↑ «FA Cup Final 1884» (անգլերեն). FA-CupFinals.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «FA Cup Final 1885» (անգլերեն). FA-CupFinals.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «FA Cup Final 1886» (անգլերեն). FA-CupFinals.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Association, The Football. «Results Archive - Emirates FA Cup - Competitions | The Football Association». www.thefa.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Player Details: Herbie Arthur» (անգլերեն). Southport F.C.
- ↑ Ward, Andrew Ward Football's Strangest Matches: Extraordinary But True Stories from Over a Century of Football. — Robson Publishing, 2005.
- ↑ «Match No. 23 - Saturday, 28th February 1885. England 4-0 Ireland» (անգլերեն). Englandstats. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ 10,0 10,1 «Herby Arthur» (անգլերեն). Englandstats.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի պրոֆիլը England Football Online-ում (անգլերեն)
- Ֆուտբոլիստի պրոֆիլը «Սպարտակուս» կրթական կայքում (անգլերեն)
|