Լև Դավիդովիչ Լանդաու (ռուս.՝ Лев Давидович Ландау,հունվարի 9 (22), 1908[1], Բաքու, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 1, 1968(1968-04-01)[1][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ծագումով հրեա նշանավոր խորհրդային ֆիզիկոս-տեսաբան, գիտական դպրոցի հիմնադիր, ԽՍՀՄգիտությունների ակադեմիայի անդամ (1946 թ.-ից), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1954), Նոբելյան մրցանակի դափնեկիր (1962)։ Նրա ձեռքբերումները ներառում են գերհոսունության տեսությունը, դիամագնիսականության քվանտային տեսությունը, երկրորդ կարգի փուլային անցումների տեսությունը, գերհաղորդականության Գինզբուրգ-Լանդաուի տեսությունը, խտության մատրիցի գաղափարի ներմուծումը ինչպես նաև որոշ ֆունդամենտալ ձեռքբերումներ քվանտային էլեկտրադինամիկայում։ 1962 թ. նա արժանացել է նոբելյան մրցանակի քվանտային հեղուկների բնագավառում կատարած հիմնարար աշխատանքների՝ հատկապես հեղուկ հելիում II-ի գերհոսունության մաթեմատիկական տեսությունը ստեղծելու համար։
1916-1920 թթ. Լանդաուն սովորել է Բաքվի գիմնազիայում։ 1920 թ.-ին ընդունվել է Բաքվի տնտեսագիտական տեխնիկումը և երկու տարի անց ավարտել այն։ 1922 թ.-ին ընդունվել է Ադրբեջանի պետական համալսարանի միաժամանակ երկու ֆակուլտետ՝ ֆիզիկամաթեմատիկական և քիմիական։ 1924 թ.-ին տեղափոխվել է Լենինգրադի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Հենց այստեղ էլ 1926 թ.-ին հրատարակել է իր առաջին գիտական աշխատանքը՝ «Երկատոմ մոլեկուլների սպեկտրների տեսության վերաբերյալ»։ 1927 թ.-ի հունվարի 20-ին ավարտել է համալսարանը և նույն թվականին ընդունվել Լենինգրադի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան։ Այստեղ նա ներգրավվեց Յ. Ի. Ֆրենկելի ղեկավարած տեսաբանների խմբի մեջ։ Լանդաուից բացի խմբի մեջ մտան նաև Վ. Ա. Ֆոկը, Դ. Դ. Իվանենկոն և Մ. Պ. Բրոնշտեյնը։ 1927 թ.-ի ընթացքում «Ճառագայթումով արգելակման պրոբլեմը» աշխատության շրջանակներում ներմուծել է խտության մատրիցի գաղափարը։ Հարկ է նշել, որ 1927 թ.-ին խտության մատրիցի գաղափարը Լանդաուից անկախ մտցրել է նաև Ջոն Նեյմանը(անգլ.՝ John von Neumann), ով արել է դա ավելի համակարգված, որի պատճառով խտության մատրիցի գաղափարի ներմուծումը հաճախ կապվում է Նեյմանի հետ։ 1928 թ. Մոսկվայում տեղի ունեցավ ֆիզիկոսների 6-րդ համագումարը, որին մասնակցում էին նաև բազմաթիվ լեգենդար ֆիզիկոսներ արտասահմանից։ Այս Համագումարի ընթացքում Լանդաուն ունեցավ երեք ելույթ՝ «Քվանտային վիճակագրության հիմունքները», «Պատճառականության սկզբունքը ժամանակակից ֆիզիկայում» և «Մագնիսական էլեկտրոնը ալիքային մեխանիկայում» թեմաներով, որոնցից վերջինը լրիվ ինքնուրույն աշխատանք էր՝ առանց հեղինակակցի։ Հանրագումարից հետո Լանդաուն, որպես Լենինգրադի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի լավագույն ասպիրանտներից մեկը, 1929 թ.-ի հոկտեմբերին լուսժողկոմատի ուղեգրով մեկնեց արտասահմանյան գործուղման, որի շրջանակներում եղել է Բեռլինում, Լայպցիգում, Գյոտինգենում, Կոպենհագենում, Քեմբրիջում, Ցյուրիխում և մասնակցել է հայտնի ֆիզիկոսներ Բորնի, Հայզենբերգի, Պաուլիի, Դիրակի և Բորի սեմինարներին։ Գործուղման ընթացքում մեկ անգամ հնարավորություն ունեցավ հանդիպել և զրուցել Ա. Էյնշտեյնի հետ։ Նրանց զրույցի հիմնական թեման էր անորոշությունների առնչությունը։ 1930 թ.-ին, ոգեշնչված Վ. Պաուլիի 1924 թ.-ի հոդվածում հայտնաբերած թերությամբ, Լանդաուն տպագրեց «Մետաղների դիամագնիսականությունը» հոդվածը[13]։ Այս աշխատանքում նա ցույց տվեց, որ մագնիսական դաշտում էլեկտրոնի շարժումը քվանտանում է, որի հետևանքով էլեկտրոնային գազը ձեռք է բերում դիամագնիսական հատկություններ։ Այսպես ծնվեց «Լանդաուի դիամագնիսականությունը»։ 1930 թ.-ին՝ Քեմբրիջում եղած ժամանակ, Լանդաուն ծանոթացավ իր հայրենակից Պ. Լ. Կապիցայի հետ, ով 1921 թ.-ից աշխատում էր կավենդիշյան լաբորատորիայում` Է. Ռեզերֆորդի մոտ։
Լանդաուն ստեղծել է տեսաբան ֆիզիկոսների հանճարաշատ դպրոց։ Լանդաուի աշակերտներ էին համարվում այն ֆիզիկոսները, ովքեր Լև Լանդաուին (հետագայում արդեն իր աշակերտներին) կարողացել էին հանձնել 9 տեսական քննություն, այսպես կոչված Լանդաուի տեսական մինիմում։ Սկզբից հանձնվում էր մաթեմատիկան, հետո հանձնվում էր ֆիզիկայի քննությունը՝
2 քննություն մաթեմատիկայից
մեխանիկա
էլեկտրադինամիկա
քվանտային մեխանիկա
վիճակագրական ֆիզիկա
հոծ միջավայրերի մեխանիկա
հոծ միջավայրերի էլեկտրադինամիկա
քվանտային էլեկտրադինամիկա
Առաջինները ովքեր հանձնել էին Լանդաու տեսական մինիմումը՝
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 483)։