Jump to content

Լցանյութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լցանյութ, բետոնների հիմնական բաղադրամասը կազմող բնական կամ արհեստական սորուն քարանյութ։ Լցանյութեր ճիշտ ընտրությունը թույլ է տալիս կարգավորել բետոնների հատկությունները և իջեցնել դրանց ինքնարժեքը։

Ըստ հատիկների ներքին կառուցվածքի լցանյութերը լինում են խիտ (գրանիտի խիճ, գետի ավազ են) և ծակոտկեն (պեմզայի ավազ, փքած պեռլիտի փոշի են), իսկ ըստ հատիկների մեծության՝ խոշոր (5-70 մմ), մանր (0,15-5 մմ) և փոշենման (0,15 մմ-ից փոքր)։ Բետոնի և շինարարական շաղախի մեջ որպես խոշոր լցանյութ օգտագործում են բնական կոպիճը կամ ապարի փշրումից ստացված խիճը։

Որպես մանր լցանյութեր օգտագործում են բնական (հիմնականում քվարցային) և ապարի փշրումից ստացված ավազները, ընդ որում ավազը պետք է լինի մաքուր (առանց օրգանական նյութերի)։ Թեթև բետոնների և շաղախների համար օգտագործում են ծակոտկեն լցանյութեր։ Բնական ծակոտկեն լցանյութերն ունեն հրաբխային (պեմզա, տուֆ, հրաբխային խարամ) և նստվածքային (խեցաքար, ծակոտկեն կրաքար) ծագում։ Արհեստական ծակոտկեն լցանյութերը ստացվում են սիլիկատային հումքի ջերմային մշակմամբ։ Դրանք արդյունաբերական մնացուկներ են (քարածխի այրումից կամ վերամշակումից ստացված խարամներ, դոմնային հնոցների թափոններ) կամ հատուկ պատրաստվում են (կերամզիտ, խարամային պեմզա, ագլոպորիտ, փքած պեռլիտ)։ Փոշենման լցանյութերը (կավճի, կաոլինի, տալկի, գրաֆիտի, փայլարի, անդեզիտի, կրաքարի, մարմարի և այլ ապարների փոշիներ) օգտագործվում են պլաստմասսաների, ռետինի, ասֆալտի և օրգանական այլ նյութերի արտադրության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 674