Ընթերցասրահ
Ընթերցասրահ, տարածք գրադարանում կամ արխիվում, որն օգտագործվում է որպես աշխատանքի վայր։ Ընթերցասրահը հատուկ նշանակություն ունի առանց բաժանորդագրության գրադարաններում, ինչպես նաև արխիվային հաստատություններում, քանի որ դա միակ վայրն է, որտեղ օգտատերերը կարող են ծանոթանալ պատվիրված նյութերին։ Ընթերցասրահը կարևոր է նաև այն գրադարաններում, որոնք հնարավորություն են տալիս գիրքը տուն տանել բաժանորդագրության միջոցով, քանի որ որոշ արժեքավոր կամ փխրուն նյութերով (օրինակ՝ հնատիպ գրքեր, գրքի հուշարձաններ, մասնագիտական ամսագրեր, թերթեր, հանրագիտարաններ, մեծ բառարաններ) թույլատրվում է աշխատել միայն ընթերցասրահում։
Ոչ բոլոր գրադարաններն ունեն ընթերցասրահներ։ Ֆոնդի բաց թույլտվությամբ որոշ գրադարաններ (մասնավորապես՝ համալսարանական) գրապահարանների մոտ տեղադրում են աթոռներ և սեղաններ։ Որոշ գրադարաններ կարող են ընթերցողին առաջարկել նաև անհատական սրահներ կամ աշխատանքային խցիկներ, որոնք սովորաբար պետք է նախապես ամրագրել։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս անտիկ շրջանի գրադարաններում (Ալեքսանդրիայի, Պերգամոնի և այլն) կային գրքերով դահլիճներ, որոնք ունեին կիսաշրջանի կամ ուղղանկյան տեսք, մարմարե նստարաններ և քանդակներ։ Քանի որ 19-րդ դարում տեղի է ունեցել գրադարան այցելուների քանակական մեծ աճ, ընթերցասրահն առանձնացվել է որպես գրադարանի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում[1]։
19-րդ դարի երկրորդ կեսին խոշոր քաղաքների գրադարաններում իրականացվել է հին գրադարանների վերակառուցում և նոր ընդարձակ ընթերցասրահների կառուցում, որի շնորհիվ հնարավոր է դարձել գրադարաններում ընդունել մի քանի հարյուր մարդու։ Մասնավորապես՝ Բրիտանական գրադարանի ընթերցասրահը, որը 1857 թվականին՝ իր բացման պահից, դարձել է Լոնդոնի տեսարժան վայրերից մեկը, նախատեսված էր 458 տեղի համար։ Ֆրանսիայի ազգային գրադարանի ընթերցասրահում 1869 թվականին կար 344 տեղ և ևս 70 տեղ կանգնած աշխատելու համար։ 1897 թվականին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի ընթերցասրահը կարող էր ընդունել մինչև 300 այցելու[1]։
19-20-րդ դարերի սահմանագծին սկսվել է խոշոր գրադարանների ընթերցասրահների մասնագիտացումը։ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում հայտնվել են պարբերական աղյուսակների, քարտեզների, ատլասների ընթերցասրահներ՝ կոնգրեսականներին և կույրերին սպասարկելու համար։ Աստիճանաբար ընթերցասրահները սկսել են բաժանվել ըստ գիտելիքների ոլորտի, գիտության և խնդիրների համալիրի, ըստ հրատարակության բնույթի և տեսակի, ընթերցողների պատրաստվածության մակարդակի։ Խոշոր գրադարաններում առաջանում է ընդհանուր և մասնագիտացված ընթերցասրահների համակարգ[1]։
Ռուսաստանում 250 այցելուի համար նախատեսված ընթերցասրահը, որը կառուցվել է Վ․ Ի Սոբոլշչիկովի և Ի․ Ի․ Գորնոստաևի նախագծով, հանդիսությամբ բացվել է 1862 թվականի նոյեմբերի 4-ին (16) Սանկտ Պետերբուրգի կայսերական հանրային գրադարանում[2]։ 1893 թվականին Մոսկվայի Ռումյանցևի հանրային ընթերցասրահն ընդլայնվել է՝ 20-ից դառնալով 120 տեղ[1]։ 1958 թվականին բացվել է Վ․ Ի․ Լենինի անվան ԽՍՀՄ պետական գրադարանի № 3 ընթերցասրահը (ներկայումս՝ Ռուսաստանի պետական գրադարան), որը ամենամեծն է Եվրոպայում։ Ընթերցասրահի ընդհանուր մակերեսը կազմում է հազար քառակուսի մետր, ունի 456 տեղ[3]։
Հագեցվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընթերցասրահները սովորաբար ընթերցողին առաջարկում են գրասեղանի շուրջ աշխատելու հնարավորություն։ Շատ դեպքերում սեղանն ապահովված է էլեկտրական սնուցմամբ՝ սեղանի լամպ, համակարգիչ օգտագործելու համար։ Մասնագիտացված ընթերցասրահները, օրինակ՝ պարբերականների կամ քարտերի սրահները, ունեն համապատասխան կահույք՝ մեծ ֆորմատի տպագրությունից հարմարավետ օգտվելու համար։
Ժամանակակից ընթերցասրահները հագեցած են համակարգիչներով՝ էլեկտրոնային ցուցակում անհրաժեշտ հրատարակությունների որոնման և պատվիրման համար։ Օգտվողներին առաջարկվում են նաև համակարգչային աշխատատեղեր, որոնք ունեն համացանցի հասանելիություն։ Ընթերցասրահները կարող են հագեցած լինել VLAN համակարգով՝ տվյալների վճարովի բանկի հասանելիությամբ, որը հասանելի է միայն գրադարանի տարածքում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ընթերցասրահ № 3, Ռուսաստանի պետական գրադարան, Մոսկվա
-
Իրկուտսկի գրադարանի ընթերցասրահ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Шапошников А. Е. Читальный зал // Библиотечная энциклопедия / Российская государственная библиотека. Главный редактор Ю. А. Гриханов; составители: Е. И. Ратникова, Л. Н. Уланова. — М. : Пашков дом, 2007. — С. 1151—1152. — 1300 с. : ил. — ISBN 5-7510-0290-3.
- ↑ Щербак Н. Л. Читальный зал архитектора В. И. Собольщикова Императорской Публичной библиотеки // Вестник Санкт-Петербургского государственного института культуры. — 2020. — № 3 (44).
- ↑ «Открылся самый большой в Европе читальный зал Российской государственной библиотеки». ТАСС. 2018 թ․ հունվարի 30. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шапошников А. Е. Читальный зал // Библиотечная энциклопедия / Российская государственная библиотека. Главный редактор Ю. А. Гриханов; составители: Е. И. Ратникова, Л. Н. Уланова. — М. : Пашков дом, 2007. — С. 1151—1152. — 1300 с. : ил. — ISBN 5-7510-0290-3.
- Gerhard Römer (Hrsg.): Arbeitsbereich Lesesaal in wissenschaftlichen Bibliotheken. Stuttgart: Bibliotheksschule Baden-Württemberg, 1979. Fortbildungsveranstaltung des Landes Baden-Württemberg. Referate, Berichte, Anregungen. ISBN 3-88282-002-0.