Ջեյմս Նեյսմիթ
Ջեյմս Նեյսմիթ (նոյեմբերի 6, 1861[2][3], Almonte, Mississippi Mills, Lanark County, Օնտարիո, Կանադա - նոյեմբերի 28, 1939[2], Լոուրենս, Կանզաս, ԱՄՆ), կանադա-ամերիկացի մարմնակրթության ուսուցիչ, բժիշկ, հոգևորական, մարզիչ և նորարար։ Կանադայից Մասաչուսեթս՝ Սփրինգֆիլդ, մեկնելուց հետո նա ստեղծում է բասկետբոլ խաղը, գրում բասկետբոլի հիմնական կանոնների ձեռնարկը, ապա Կանզասի համալսարանի համար բասկետբոլի ծրագիրը։ Նեյսմիթը հասցնում է տեսնել, թե ինչպես է բասկետբոլը ընդունվում որպես Օլիմպիական ցուցադրական մարզաձև, ապա 1936 թվականին պաշտոնապես ներառվում Բեռլինում կայացած ամառային Օլիմպիական խաղերում։ Բացի այդ Նեյսմիթը տեսնում է 1938 թվականին Ազգային հրավերք մրցաշարի (NIT) և 1939 թվականին Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի մրցաշարի (NCAA Tournament) ծնունդը։
Ջեյմս Նեյսմիթ անգլ.՝ James Naismith[1] | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1861[2][3] |
Ծննդավայր | Almonte, Mississippi Mills, Lanark County, Օնտարիո, Կանադա |
Մահացել է | նոյեմբերի 28, 1939[2] (78 տարեկան) |
Մահվան վայր | Լոուրենս, Կանզաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Կանադա և ԱՄՆ |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | ՄաքԳիլի համալսարան, Springfield College? և Almonte and District High School? |
Մասնագիտություն | գյուտարար, բասկետբոլի մարզիչ, գրող, հոգևորական, բժիշկ, head coach և բասկետբոլիստ |
Աշխատավայր | ՄաքԳիլի համալսարան և Կանզասի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
James Naismith Վիքիպահեստում |
Ծնվելով և ապրելով Օնտարիո նահանգի Ալմոնտե քաղաքից ոչ հեռու գտնվող ֆերմայում՝ սովորում, ապա մարմնակրթություն է դասավանդում Մոնրեալ քաղաքի Մակհիլի համալսարանում, ինչից հետո տեղափոխվելով ԱՄՆ ստեղծում է բասկետբոլ խաղը։ Հայտնագործությունից 7 տարի անց, 1898 թվականին, Դենվեր քաղաքում ստանում է բժշկական աստիճան։ Այնուհետև Կանզասի համալսարանում ստանձնում է «Կանզաս Ջեյհոքս» (Kansas Jayhawks) թիմի սպորտային ղեկավարի և մարզիչի պաշտոնը, զուգահեռ մարզելով Ֆորեստ «Ֆոգ» Ալենին, ով հետագայում փոխարինում է նրան այդ պաշտոնում։ Ֆոգ Ալենը ղեկավարում է թիմը 39 մրցաշրջանների ընթացքում՝ դառնալով լեգենդներ Ադոլֆ Ռուփի և Դին Սմիթի մարզիչը։
Վաղ տարիներ
խմբագրելՆեյսմիթը ծնվել է 1861 թվականի նոյեմբերի 6-ին Կանադայի արևմուտքում գտնվող Ալմոնտե քաղաքում, շոտլանդացի ներգաղթյալների ընտանիքում։
Դասերից ազատ ժամանակը Նեյսմիթն անցկացնում էր դրսում, պահմտոցի կամ «Բադիկը քարի վրա» (Duck on a rock) խաղալով, վերջինս միջնադարյան խաղ է, որտեղ խաղացողը պաշտպանում է ծառի կոճղի վրա տեղադրված մեծ քարը (բադիկին) հակառակորդ թիմի խաղացողներից, ովքեր ավելի փոքր քարեր նետելով փորձում են գցել այն։ Շուտով Նեյսմիթն հասկանում է, որ «Բադիկը քարի վրա» խաղում մեծ անկյան տակ, սահուն նետտված քարերը ավելի արդյունավետ են, քան ուղիղ և ուժեղ նետվածները։ Հենց այս միտքը հետագայում հիմք է հանդիսանում բասկետբոլի ստեղծման համար։
Վաղ տարիքում՝ ծնողների մահից հետո, Նեյսմիթն ապրում է բարեկամուհու և նրա ամուսնու հետ, հաճախում Ալմոնտեից ոչ հեռու գտնվող միջին դպրոց։ Միջին դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Ալմոնտեի ավագ դպրոցը, որը ավարտում է 1883 թվականին։
Նույն տարում Նեյսմիթն ընդունվում է Մոնրեալում գտնվող Մակհիլի համալսարան։ Չնայած նրան նկարագրում էին, որպես 80 կիլոգրամ քաշով և 178 սմ հասակով, ոչ շատ սպորային կառուցվածք ունեցող երիտասարդի, նա տաղանդավոր և բազմակողմանի մարզիկ էր, ով ներկայացնում էր Մակհիլի համալսարանը ռեգբիի, Ամերիկյան ֆուտբոլի, ֆուտբոլի և մարմնամարզության մրցաշարերում։ 1888 թվականին Նեյսմիթը արժանում է մարմնակրթության բակալավրի աստիճանի, իսկ 1890 թվականին Մոնրեալի Փրեսբիթերիան քոլեջի դիպլոմի։ 1891 թվականին ՝ սկսում է մարմնակրթություն դասավանդել և դառնում Մահկիլի առաջին սպորտային ղեկավարը, սակայն հետո լքելով Մոնրեալը աշխատանքի անցնում ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Երիտասարդ տղամարդկանց քրիստոնեական ասոցիացիայի միջազգային մարզական դպրոցում (YMCA) (ներկայումս՝ Սփրինգֆիլդ քոլեջ), որպես մարմնակրթության ուսուցիչ։
Սփրինգֆիլդ քոլեջ. բասկետբոլի ստեղծումը
խմբագրելYMCA-ում Նոր-Անգլիա շրջանի երկար ձմեռների ընթացքում աշակերտները ստիպված էին բավարարվել բացառապես այն խաղերով, որոնք կարելի է կազմակերպել փակ տարածքներում։ Այդ իսկ պատճառով մարմնակրթության բաժնի ղեկավար, բժիշկ Լյութեր Գյուլիքը Նեյսմիթին հանձնարարում է ստեղծել խաղ, որը հնարավոր կլինի կազմակերպել փակ տարածքներում և կօգնի աշակերտներին պահպանել լավ ֆիզիկական վիճակ։ Խաղի անցկացման համար չպետք է պահանջվեին մեծ տարածքներ, խաղը չպետք է լիներ շատ կոպիտ և որ ամենակարևորն է խաղը պետք է արդար լիներ բոլոր խաղացողների համար։
Նախ և առաջ, խաղը ստեղծելիս, Նեյսմիթն ուսումնասիրում և վերլուծում է ամենահայտնի խաղերը (ռեգբի, ֆուտբոլ, հոկեյ, բեյսբոլ և այլն) և գալիս եզրահանգման, որ խաղում ֆուտբոլի փափուկ գնդակի գործածումը կլինի ամենաանվտանգը։ Ապա նկատելով, որ հիմնականում ֆիզիկական կոնտակտ տեղի է ունենում գնդակով վազքի, վարման կամ գնդակին հարվածելու ժամանակ որոշում է, որ իր խաղում գնդակը տեղափոխելու միակ ձևը լինելու է խաղացողների միջև փոխանցումները։ Վերջապես, Նեյսմիթն ավելի է պակասեցնում ֆիզիկական կոնտակտի հավանականությունը՝ բասկետբոլի զամբյուղը խաղացողների գլխավերևում տեղադրելով և այն անպաշտպան թողնելով։ Նա առաջարկում է խաղացողներին «գոլ» խփելու համար օգտագործել միայն մեծ անկյան տակ արված, սահուն նետումներ, որոնց արդյունավետության մասին նա գիտեր իր սիրելի «Բադիկը քարի վրա» խաղից։ Նեյսմիթն իր խաղն անվանեց բասկետբոլ (Basket-զամբյուղ և Ball-գնդակ բառերից) և իր մտքեր շարադրեց 13 հիմնական կանոններում։
1891 թվականի դեկտեմբերին անցկացվեց բասկետբոլի առաջին խաղը։ Խաղի մանրամասների մասին տեղեկանում ենք Նեյսմիթի ձեռագիր հաշվետվությունից։ Ի տարբերություն ժամանակակից բասկետբոլի խաղացողները խաղում էին ինը իննի դեմ, բասկետբոլի գնդակի փոխարեն օգտագործում ֆուտբոլի գնդակ, իսկ երկու զամբյուղների (օղակների) փոխարեն տեղադրված էին դեղձի երկու զամբյուղներ։
«Երբ պարոն Ստաբինսը բերեց դեղձի երկու զամբյուղներ, ես դրանք ամրացրի խաղահրապարակի հանդիպակաց կողմերում՝ վերին հարթակի փայտե ճաղերին, գետնից մոտ 3,05 մետր բարձրության վրա։ 13 կանոնները փակցրի հայտարարությունների տախտակի վրա, բերեցի ֆուտբոլի գնդակը և սկսեցի սպասել դասարանի գալուն...Դասարանը մեծ խանդավառությամբ չընդունեց խաղը, սակայն հետևեց իմ օրինակին... Ես բացատրեցի, թե ինչ է պետք անել գոլ խփելու համար, ապա գցեցի գնդակը կենտորնում կանգնած երկու տղաների միջև։ Փորձում էի այնպես անել, որ բոլորը հետևեն կանոններին։ Ամենահաճախ կրկնվող խախտումը գնդակով վազելն էր, սակայն այլ խաղացողին գցելը նույնպես արտասովոր երևույթ չէր»։ Ի տարբերություն ժամանակակից բասկետբոլի հիմնական կանոնները գնդակի վարում չէր նախատեսում, խաղացողները գնդակը կարող էին տեղափոխել միայն փոխանցումներով։ Բացի այդ յուրաքանչյուր «գոլից» հետո գնդակը կրկին խաղարկվում էր կորտի կենտրոնից։ Այս կանոնները այժմ հնացել են և չեն գործածվում ժամանակակից բասկետբոլում։
Արդեն 1892 թվականին բասկետբոլը մեծ ճանաչում է ձեռք բերում ուսումնարանում և Դենիս Հորքենբաքը (Սփրինգֆիդ քոլեջին «Եռանկյուն» թերթի գլխավոր խմբագիրը) հրապարակում է հոդված «Նոր խաղը» անունով, ինչին հետևում են խաղը «Նեյսմիթի գնդակ» անվանելու առաջարկներ, սակայն Նեյսմիթը հրաժարվում է։ 1883 թվական բասկետբոլը միջազգայինորեն ներկայացվքւմ է, որպես YMCA-ի շարժում։
1898 թվականին Նեյսմիթը Սփրինգֆիլդից մեկնում է Դենվեր, որտեղ արժանանում է բժշկական աստիճանի, ապա ընդունվում Կանզասի համալսարան։
Ժառանգություն
խմբագրելՋեյմս Նեյսմիթը հայտագործում է բասկետբոլ խաղը և գրում այդ մարզաձևի 13 հիմնական կանոնները։ Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում գտնվող բասկետբոլի փառքի սրահը կրում իր անունը։ Ջեյմս Նեյսմիթի անունը ներառված է նաև Կանադայում՝ բասկետբոլի փառքի սրահում, Կանադայում Օլիմպիական փառքի սրահում, Օնտարիոյում՝ սպորտի փառքի սրահում, Օտտավայում՝ սպորտի փառքի սրահում, Մակհիլլ համալսարանում՝ սպորտի փառքի սրահում, Կանզաս նահանգում՝ սպորտի փառքի սրահում և ՖԻԲԱ-ի փառքի սրահում։ Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիան (NCAA) իր լավագույն խաղացողներին պարգևատրում է «Նեյսմիթի մրցանակներով», իսկ ՖԻԲԱ աշխարհի առաջնության գավաթը Նեյսմիթի պատվին անվանվել է «Ջեյմս Նեյսմիթի գավաթ»։ 1936 թվականին Օլիմպիական խաղերում տղամարդկանց բասկետբոլի ներառումից հետո, 1976 թվականին նաև կանանց բասկետբոլի ներառումը մեծ իրադարձություն էր։
Այսօր, բասկետբոլ խաղում է ավելի քան 300 միլիոն մարդ ամբողջ աշխարհում, ինչը այն դարձնում է ամենահայտնի թիմային սպորտաձևերից մեկը:Հենց բասկետբոլի շնորհիվ են ճանաչում են ձեռք բերել Հյուսիսային Ամերիկայի 20 -րդ դարի շատ հայտնի մարզիկներ։ ESPN-ը և Associated Press-ը անցկացնում են հարցումներ 20-րդ լավագույն հյուսիս-ամերիկյան մարզիկին գտնելու համար։ ESPN հարցման արդյունքում առաջին հորիզոնականը, լավագույն հյուսիս-ամերիկյան մարզիկների շարքում, զբաղեցնում է բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը, իսկ Associated Press հարցման արդյունքում Ջորդանը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը Բեյբ Ռութից հետո։
1891 թվականին Ջեյմս Նեյսմիթի կողմից գրվում են բասկետբոլի առաջին, հիմնական կանոնները, որոնք հիմնադիր փաստաթուղթ են համարվում։ 2010 թվականի դեկտեմբերին փաստաթուղթը աճուրդի է դրվել Նյու Յորքում՝ Սոթբիսում։ 2010 թվականին Կանզասի համալսարանի շրջանավարտ և բասկետբոլի սիրահար՝ Ջոշ Սվեյդը, գնում է ճանապարհորդության համոզելու հարուստ շրջանավարտներին մասնակցե աճուրդին, ապա փաստաթուղթը հաղթելու դեպքում հանձնել Կանզասի համալսարանին։ Ի վերջո Սվեյդին հաջողվում է համոզել Կանզասի համալսարանի շրջանավարտ, ներդրումային բանկիր, միլիարդատեր Դեյվիդ Գ. Բութին և նրա կնոջը Սյուզաննա Բութին մասնակցել աճուրդին։
Նրանք հաղթում են և ձեռք բերում փաստաթուղթը ռեկորդային՝ 4,338,500 ԱՄՆ դոլլարի դիմաց, որը սպորտային հուշագրի համար երբևէ վճարված ամենամեծ գինն էր։ Դեյվիդը և Սյուզաննան փաստաթուղը հանձնում են Կանզասի համալարանին։ Սվեյդի ծրագիրը և դրա վերջնական հաջողության ժամանակագրությունը ներկայացված են ESPN-ի 2012 թվականի «Տան պես, այլ տեղ չկա» վավերագրական կինոնկարում և համապատասխան գրքում։ 2016 թվականին բացվում է Debruce Center անունով վայրը, որտեղ այժմ տեղակայված են կանոնները։ Կանզասի համալսարանը Debruce Center-ի կառուցման աշխատանքների վրա ծախսել է ավելի քանի 18 միլիոն դոլլար։
Անձնական կյանք
խմբագրելՋեյմս Նեյսմիթը երկու շոտլանդացի ներգաղթյալներ՝ Մարգարեթ և Ջոն Նեյսմիթների, երկրորդ երեխան է։ Նրա մայրը՝ Մարգարեթ Յանգը, ծնվել է 1833 թվականին, ապա 1852 թվականին ներգաղթել Կանադայի Լանարկ կոմսություն։ Հայրը՝ Ջոն Նեյսմիթը, ծնվել է 1833 թվականին և 18 տարեկանում՝ լքելով Եվրոպան նույնպես ներգաղթել Կանադայի Լանարկ կոմսություն։
1894 թվականին հունիսի 20-ին Սփրինգֆիլդում Ջեյմս Նեյսմիթը ամուսնանում է Մոդ Էվիլին Շերմանի հետ։ Զույգը ունենում է 5 երեխա ՝ Մարգարեթ Մասոն (1895–1976), Հելեն Քերոլին (1897–1980), Ջոն Էդվին (1900–1986), Մոդ Էն (1904–1972) և Ջեյմս Շերման (1913–1980): 1937 թվականին Մոդ Նեյսմիթը մահանում է, և 1939 թվականի հունիսի 11-ին Նեյսմիթն ամուսնանում է իր երկրորդ կնոջ՝ Ֆլորենս Բ. Քինքեյդի հետ։ Նույն տարվա նոյեմբերի 19-ին Նեյսմիթի մոտ սկսում է ուղեղի արյունազեղում և 9 օր հետո նա մահանում է 78 տարեկան հասակում։ Նեյսմիթը թաղված է իր առաջին կնոջ կողքին Լոուրենսում։ 1977 թվականին 98 տարեկան հասակում մահանում է նաև Ֆլորենս Բ. Քնիքեյդը, ով թաղված է իր առաջին ամուսնու՝ բժիշկ Ֆրենկ Բ. Քինքեյդի կողքին, Կանզասում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Deutsche Nationalbibliothek Record #121214273 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Sports-Reference.com
- ↑ https://www.fiba.basketball/fr/hall-of-fame/James-Naismith
- ↑ Hall of Fame
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Նեյսմիթ» հոդվածին։ |